կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անընդունելի են Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը. Սարգիս Խանդանյան

Անընդունելի են Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը. Սարգիս Խանդանյան

Չէի ցանկանա նման կանխատեսում անել, բայց, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում՝ 2023 թվականի երկրորդ կիսամյակում, բանակցությունների ընթացքում առաջընթաց չգրանցելը անընդհատ մտավախություն է առաջ բերում, որ հնարավոր է լարվածության աճ, բայց ես ուրախ եմ, որ այս պահին, ըստ էության, սկսվեցին բանակցությունները: Երկրների ղեկավարների մակարդակով տեսանք Մյունխենում, և այժմ շարունակվում են արտգործնախարարների մակարդակով: Այս մասին լրագրողների զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունների այս փուլում նոր սադրանքի հնարավորություն առկա՞ է:

Հարցին՝ արդյոք բանակցությունների վերսկսումը երաշխի՞ք է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի վտանգը չեզոքացել է, Խանդանյանը ընդգծեց՝ չի ցանկանա կանխատեսել՝ սահմանին լարվածության աճի հավանականության վրա ինչպես կարող են ազդել բանակցությունները, սակայն տրամաբանությունն այնպիսին է, որ եթե կան բանակցություններ, լարվածությունը պետք է նվազի:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին բանակցությունների նպատակով արևմտյան, այլ ոչ թե ռուսական հարթակներ տանելու հնարավորությանը, պատգամավորը նկատեց՝ ժամանակը և բանակցությունների շարունակականությունը ցույց կտան:

«Խնդիրը Ադրբեջանին ոչ թե արևմտյան հարթակ, այլ կառուցողական դաշտ բերելն է: Եթե մեր գործընկերներին հաջողվի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ, և հանգել այն պահին, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, ապա դա լավ նշան կարող ենք համարել»,- ասաց նա:

Հարցին՝ Ալիևը օրեր առաջ հայտարարել էր, որ եթե Հայաստանն ուզում է պայմանագիրը կնքվի, պետք է կատարվեն Ադրբեջանի բոլոր պահանջները, Խանդանյանը ընդգծեց՝ այդ հայտարարություններն անընդունելի են:

«Անընդունելի են Հայաստանի ներքին հարցերին խառնվելու Ադրբեջանի փորձերը, նաև լրացուցիչ պահանջներ առաջ քաշելու փորձերը, որովհետև մի բան հստակ է և նաև հստակ է մեր միջազգային գործընկերներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար սկզբունքների շրջանակը համաձայնեցված է: Այդ սկզբունքների շրջանակներում պետք է հարաբերությունները կարգավորվեն, և համաձայնությունները ձեռք բերվեն: Դրանցից դուրս լրացուցիչ պահանջները անընդունելի են, և դա կառուցողականության մասին չի վկայում»,- ասաց նա:

  • Կիսվել: