ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը

Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորել էին բացել ճանապարհը, ապա ուժ գործադրել քաղաքացիների, այդ թվում՝ լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ։

Ասված է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարության մեջ․

«Ոստիկանները խոչընդոտել են Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը, ապա հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել։

 

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող անթույլատրելի, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող բռնության քրեորեն պատժելի արարքները, դեպքերը:

Մարդու իրավունքների պաշտպանից, համապատասխան բոլոր կառույցներից պահանջում ենք քննության առարկա դարձնել կատարվածը, լրագրողների, ԶԼՄ ներկայացուցիչների դեմ տեղի ունեցող բռնության դեպքերը, Հայաստանում ժողովրդավարության իրավիճակով, մարդու իրավունքների ու խոսքի ազատության հարցերով զբաղվող տեղական ու միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում աչք չփակել մամուլի, ազատ խոսքի, լրագրողների մասնագիտական աշխատանքի դեմ ուղղված խայտառակ գործողությունների վրա»։ 

  • Կիսվել: