շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՍԵԱՆ ԽՎ-ում ԱԺ պատվիրակություն ձեւավորելու վերաբերյալ նախաձեռնությանը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՍԵԱՆ ԽՎ-ում ԱԺ պատվիրակություն ձեւավորելու վերաբերյալ նախաձեռնությանը

Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը ստացել է դիտորդի կարգավիճակ: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակություն ձեւավորելու մասին հարցը:

 

Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ԱՍԵԱՆ-ը տարածաշրջանային վեհաժողով է, որի կազմում Հարավարեւելյան Ասիայի 10 երկիր է, որոնք հանդես են գալիս որպես լիիրավ անդամ: Մի շարք երկրների խորհրդարաններ վեհաժողովում ունեն դիտորդի կարգավիճակ: Դիտորդի կագավիճակ ունեն մեր տարածաշրջանի երկրները, ԱՄՆ Կոնգրեսը, ՌԴ Դաշնային խորհուրդը, Կանադայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Չինաստանի խորհրդարաններն ու Եվրոպական խորհրդարանը:

 

Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովի` կառույցում որպես դիտորդի կարգավիճակ ստանալու շուրջ բանակցությունները սկսել են նախորդ տարի: Արդյունքում ԱՍԵԱՆ-ի` 2023 թվականի օգոստոսին տեղի ունեցած վեհաժողովի ժամանակ հաստատվել է կառույցում մեր երկրի ԱԺ-ի դիտորդի կարգավիճակը, որի մասին գրությամբ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահին:

Հանձնաժողովի նախագահի խոսքով դիտորդի կարգավիճակ ունեցող խորհրդարանի պատվիրակությունը ձեւավորվում է երկու տարբերակով. երեք հիմնական անդամ կամ երեք հիմնական եւ երեք փոխարինող անդամ: Հայաստանն ընտրել է պատվիրակության ձեւավորման երկրորդ տարբերակը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱՍԵԱՆ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակում հանդես գալու համար ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակություն ձեւավորելու վերաբերյալ նախաձեռնությանը:

Պատվիրակության ձեւավորման գործընթացը կսկսվի ԱԺ խորհրդի առաջիկա նիստերի ընթացքում:

  • Կիսվել: