երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կատրին Կոլոննան Հայաստանում կհանդիպի ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Կատրին Կոլոննան Հայաստանում կհանդիպի ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար տիկին Կատրին Կոլոննան ապրիլի 28-ի իր այցից հետո երկրորդ անգամ կժամանի Հայաստան հոկտեմբերի 3-ին։ Նրան կընդունի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև իր պաշտոնակից պարոն Արարատ Միրզոյանի հետ կայցելի Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական հարձակման և Ռուսաստանի մեղսակից հայացքի ներքո ինը ամիս ապօրինի շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած հայերին․ տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։

«Նախարարն այս առիթով կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի կողքին, վերջինիս աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ֆրանսիայի ծայրաստիճան զգոնությունը դրանք հարգելու առնչությամբ։

Նա Հայաստանի իշխանությունների հետ կուսումնասիրի բոլոր ոլորտներում մեր համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները։ Տիկին Կատրին Կոլոննան կընդգծի Ֆրանսիայի մոբիլիզացումը՝ ի նպաստ Կովկասում արդար և կայուն խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգման: Այս մոբիլիզացումը նշանավորվում է Ֆրանսիայի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրվող մարդասիրական օգնության եռապատկմամբ, որը տարեսկզբից ի վեր կազմում է 12,5 միլիոն եվրո, որին ավելանում է սեպտեմբերի 27-ին նախարարի կողմից հայտարարված 7 միլիոն լրացուցիչ ֆինասական օգնությունը։

Այն հատկացվում է ի լրումն Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերի: ՀՀ իշխանություններին հրատապ բժշկական օգնություն է փոխանցվել նաև սեպտեմբերի 29-ին՝ նախատեսված մասնավորապես սեպտեմբերի 25-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունից տուժած փախստականների և տուժածների բուժման համար»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։

  • Կիսվել: