ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կարծում ենք՝ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստեր Երևանի մասնակցությունը փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնմանը. Զախարովա

Կարծում ենք՝ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստեր Երևանի մասնակցությունը փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնմանը. Զախարովա

Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն եւ Երեւանը պետք է անշեղորեն պահպանեն բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման եւ Լաչինի միջանցքի օգտագործման հետ։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կարծում ենք՝ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստեր Երեւանի մասնակցությունը փոխադարձ ընդունելի հանգուցալուծումների որոնմանը՛՛:

Զախարովան հիշեցրել է, որ ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում նշված է մանրամասն տեղեկատվություն տվյալ միջադեպի մասին (խոսքը Ադրբեջանի դիվերսիայի մասին է -խմբ․)՝ հաշվի առնելով տեղում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը։

՛՛ԱԳՆ մեկնաբանությունը քաղաքական գնահատական է տալիս տեղի ունեցածին։ Այդ մեկնաբանության առանցքում զսպվածություն ցուցաբերելու, իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում բանակցություններին վերադառնալու՝ կողմերին ուղղված կոչն է։ Ռազմատենչ հռետորաբանությունը ցանկացած կողմից հակաարդյունավետ է, այն չի օգնում խաղաղության օրակարգն առաջ մղելուն՛՛,-նշել է Զախարովան:

  • Կիսվել: