103-ամյա վետերանին հարցաքննելու ծրագիրը Կիևի հետ եղբայրանալու արդյունք է. Զախարովա
Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերանին հարցաքննելու ծրագրերը վկայում են Եվրոպայի հետ մերձեցումից և Կիևի հետ եղբայրանալուց առաջացած բարոյական քայքայման մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի վառ ապացույց, թե ինչպիսի բարոյական ու հոգևոր քայքայման է հանգեցնում ներկայիս անդեմ, բարոյապես սնանկ՝ Եվրոպայի հետ մերձեցումը և նեոնացիստական Կիևի ռեժիմի հետ եղբայրանալը, դժվար է գտնել»:
Զախարովան հավելել է, որ Աբգարյանի նման վաստակաշատ մարդիկ հպարտություն են բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են «դարչնագույն ժանտախտի» նկատմամբ հաղթանակի իրական նշանակությունը, քանի որ պատմական հիշողության, համամարդկային արժեքների և բարոյական ուղենիշների պահապաններն են:
«Նրանց խիզախության և անձնվիրության շնորհիվ Հայաստանը հիմա ապրում է և կարող է ապագայի ծրագրեր կազմել։ Հավանաբար, Երևանի բարձր կաբինետներում այդ մասին մոռացել են այնպես, ինչպես մոռացան, թե հանրապետության բարձրագույն ղեկավարությունը մի քանի անգամ հանդիպել է Ռոզալյա Աբգարյանի և Հայրենական մեծ պատերազմի մյուս վետերանների հետ, այդ թվում՝ Մոսկվայում՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակներում։
Քաջ իմանալով Ռոզալյա Սերգեևնայի պողպատե կոփվածքը՝ մենք չենք կասկածում, որ նա կհաղթահարի ցանկացած հարցաքննություն։ Բայց պարզ է նաև մեկ այլ բան. նրանք, որոնք ծաղրում են պատերազմի հիշողությունը, ինչպեսև եկեղեցին, ոչ մի սրբություն չունեն»
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Մոսկվան չի մոռացել, որ հայաստանյան «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չգտան ետ պահելու Վլադիմիր Զելենսկուն, երբ նա Երևանում սպառնում էր հարվածներ հասցնել Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում տեղի ունենալիք շքերթին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի գործով կհարցաքննի Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին։



