երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կարևորվել են հայ-գերմանական քաղաքական, տնտեսական հարաբերություններն ու այդ համատեքստում խորհրդարանականների դերը

Կարևորվել են հայ-գերմանական քաղաքական, տնտեսական հարաբերություններն ու այդ համատեքստում խորհրդարանականների դերը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի իր  գործընկերների հետ այս օրերին աշխատանքային այցով Գերմանիայում է: Այդ մասին ասված է պատգամավորի Ֆեյսբուքի էջում:
 
«Գևորգ Պապոյանի, Նարեկ Գրիգորյանի և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ միասին Բեռլինում հանդիպեցինք Գերմանիայի Բունդեսթագի զբոսաշրջության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յանա Շիմկեին և հանձնաժողովի մյուս անդամներին։
 
Շնորհակալություն հայտնելով Յանա Շիմկեին հանդիպման հնարավորության համար՝ կարևորեցինք հայ-գերմանական, ինչպես քաղաքական, այնպես էլ՝ տնտեսական հարաբերություններն ու այս համատեքստում խորհրդարանականներիս դերը։
 
Անցում կատարելով ՀՀ-ում անվտանգային և հումանիտար հարցերին՝ Գևորգ Պապոյանը հատուկ առանձնացրեց Գերմանիայի դրական դերն ու ակտիվ ներգրավվածությունը՝ հույս հայտնելով, որ ժողովրդավարությունն ու տնտեսության զարգացումը կօգնեն լուծել բոլոր խնդիրները։ Հավելեց, որ Հայաստանում զբոսաշրջիկների քանակը պատկառելի է, բայցևայնպես շեշտեց, որ ցանկանում ենք ռեկորդային քանակով գերմանացի զբոսաշրջիկներ տեսնել Հայաստանում արդեն հաջորդ տարի, ինչը, իհարկե, արդյունք կլինի համատեղ ակտիվ աշխատանքի։
 
Պատվիրակության ղեկավարը հավելեց, որ չնայած Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին՝ Հայաստանի ներսում զբոսաշրջիկը ազատ է, անվտանգ ու պաշտպանված։ Սահուն անցում կատարելով տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցերում Գերմանիայի ներգրավվածության փաստին՝ շեշտեց խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը։
 
Յանա Շիմկեն, արձագանքելով գործընկերոջս, ևս կարևորեց անվտանգային բաղադրիչը: Խոսելով Գերմանիայում զբոսաշրջության հանձնաժողովի գործունեությունից՝ ափսոսանք հայտնեց, որ չունեն համապատասխան նախարարություն, և ոլորտի ծանրաբեռնվածության մի զգալի մասը հանձնաժողովի ուսերին է։
 
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ գերմանացի գործընկերոջիցս հետաքրքրվեցի օրենսդրական վերջին նախաձեռնությամբ, որը հաջողել է կամ փոփոխություն է մտցրել զբոսաշրջության մեջ։ Յանա Շիմկեն, արձագանքելով, նշեց, որ կորոնավիրուսի հետևանքները դեռ նշմարելի են երկրում, բայց Գերմանիան փորձում է հասնել ավելի լավին, քան հիմա կա»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: