շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարևոր է, որ Թուրքիայի հետ առաջին պայմանավորվածությունները շատ արագ իրագործվեն. Ռուբեն Ռուբինյան

Կարևոր է, որ Թուրքիայի հետ առաջին պայմանավորվածությունները շատ արագ իրագործվեն. Ռուբեն Ռուբինյան

«Այսպիսի բարդ գործընթացներում ամենակարևոր բաներից մեկը առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է», - «Ազատության» հետ զրույցում, խոսելով հայ-թուրքական բանակցությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների ու Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին, ասաց ԱԺ փոխնախագահ, այդ բանակցություններում Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

«Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը` շատ խաթարում է այդ վստահությունը», - վստահ է ՀՀ բանագնացը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից, ամբողջական տարբերակը` տեսանյութում.

- Ինչի՞ վկայությունն է Փաշինյան-Էրդողան երեկվա հեռախոսազրույցը, կանեի՞ք արդյոք պնդում, որ գործընթացն առարկայական փուլ է մտնում:

- Նախ մի քիչ հետ գնանք, նախորդ, այսինքն` վերջին հանդիպմանը Թուրքիայի հատուկ ներկայացուցչի և իմ վերջապես հաջողվեց ձեռք բերել առարկայական կոնկրետ պայմանավորվածություններ, այն է` երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ստեղծելը և ուղիղ ավիաբեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորություն ստեղծելը: Սրանք, բնականաբար, դրական պայմանավորվածություններ են, բայց այսպիսի բարդ գործընթացներում ամենակարևոր բաներից մեկը առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է: Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը` շատ խաթարում է այդ վստահությունը: Եվ ես հույս ունեմ, որ շատ արագ այդ պայմանավորվածությունները կիրագործվեն:

 

- Ի՞նչ է նշանակում շատ արագ, այսինքն` առաջիկա ամիսների՞ն, օրերի՞ն:

- Ես կարծում եմ, որ տրամաբանական կլինի, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին: Պայմանավորվածությունը քաղաքական մակարդակով ֆիքսված է, հիմա պետք է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները երկուստեք արդեն տեխնիկական դետալների շուրջ աշխատեն:

- Կա՞ գործընթաց այդպիսի, սկսվե՞լ է:

 

- Այս պահին դեռ ոչ, բայց շուտով պետք է սկսվի: Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների հեռախոսազանգին, դա նշանակում է այն, ինչ նշանակում է, որ երկար ընդմիջումից հետո Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ունեցել են հեռախոսազանգ և քննարկել են այն, ինչի մասին խոսվում է տարածված հայտարարության մեջ, այսինքն` քննարկել են ընդհանուր կարգավորման գործընթացը, քննարկել են և կարևորություն են տվել մեր ձեռք բերած պայմանավորվածությունների շուտ իրագործմանը և ընդհանուր այս գործընթացն են քննարկել:

- Պարո՛ն Ռուբինյան, կա՞ արդյոք միջնորդ, այդ թվում` այս հեռախոսազանգը կազմակերպելու գործում:

- Ո՛չ:

- Ենթադրաբար նաև երեկվա հեռախոսազրույցը Դուք և Սերդար Քըլըչն եք նախապատրաստել: Դիտարկվո՞ւմ է նաև Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպում:

- Այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա:

- Պարո՛ն Ռուբինյան, Դուք մեկ անգամ չէ, որ ասել եք` գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից, քաղաքական կամքից: Դա կա՞:

- Բնականաբար, ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին, և դրան կա մի շատ պարզ բացատրություն` Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, հենց վաղը: Եթե դա տեղի չի ունենում վաղը, և եթե Հայաստանը պատրաստ է դրան, դա նշանակում է, որ դրա իրագործումը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից այս պահին, որովհետև Հայաստանն ակնհայտորեն այդ քաղաքական կամքն ունի:

- Թուրքիայի քաղաքական կամքը չկա:

- Համենայն դեպս, չկան նախանշաններ պնդելու, որ այսօր երեկոյան սահմանը բացվելու է:

  • Կիսվել: