հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կարեւորը՝ չլինի անձնական հաշվեհարդար, պետք է լինի օրինական դատավարություն. Նամինը՝ Քոչարյանի մասին

Կարեւորը՝ չլինի անձնական հաշվեհարդար, պետք է լինի օրինական դատավարություն. Նամինը՝ Քոչարյանի մասին

Կարծում եմ, դա պատահական թյուրիմացություն է, քանի որ երբ ինձ ուղարկեցին նամակի տեքստը, ես դրա հետ չհամաձայնեցի ու չստորագրեցի այն: Այս մասին ասել է կոմպոզիտոր, ռեժիսոր, հայազգի ռուսաստանաբնակ արվեստագետ Ստաս Նամինը՝ պատասխանելով «Հայկական ժամանակի» այն դիտարկմանը, թե իր անունը նշված էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչով հայտարարության տակ, և անդրադառնալով այն հարցին, թե Նամինն իր ընկեր Վահան Վարդապետյանի միջոցով փոխանցել էր, որ շոկի մեջ է, որեւէ նամակի տակ չի ստորագրել, այդ դեպքում ինչպե՞ս է իր անունը հայտնվել ստորագրությունների ցանկում, և արդյոք պահանջելո՞ւ է հեռացնել այն:

Նամինը, մասնավորապես, ասել է. «Սովորաբար չեմ ստորագրում նման կոլեկտիվ նամակներ, առավել եւս՝ այս իրավիճակում, քանի որ Մոսկվայում եմ ապրում ու Հայաստանում տիրող իրավիճակին ու հարցի էությանը այնքան էլ լավ չեմ տիրապետում: Կարող եմ միայն ասել, որ յուրաքանչյուր անձ, անկախ իր պաշտոնից՝ նախագահ է, թե ոչ, հայտնի դեմք է, թե շարքային քաղաքացի, բոլորը հավասարապես պետք է հետեւեն օրենքին ու պատասխանատու լինեն օրենքի առջեւ: Դա ցանկացած քաղաքակիրթ ժողովրդավար երկրի սկզբունքն է, ինչպիսին այսօր հավակնում է դառնալ Հայաստանը: Ինձ համար միշտ տարօրինակ ու անհասկանալի էր, որ պատգամավորներն ու որոշ այլ պետական ու ընտրովի պաշտոնյաները օրենքի առջեւ անձեռնմխելիություն ունեն: Կարծում եմ, հենց այդ մարդիկ մյուսներից առավել պետք է հետեւեն օրենքին ու պատասխանատվություն կրեն դրա առջեւ, քանի որ իշխանությունը նրանց ձեռքերում է, եւ հաճախ դա դրդում է խախտումների»:

Նա նաև ասել է, որ իր վերոնշյալ տեսակետը վերաբերում է նաեւ նախկին նախագահ Քոչարյանին: «Բայց շատ կարեւոր է, որ չլինի պարզունակ անձնական հաշվեհարդար. պետք է լինի ազնիվ ու արդար օրինական դատավարություն»,- նշել է Նամինը:

  • Կիսվել: