ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խնամիությամբ կապված անձանց մասին տվյալները ևս հրապարակել

Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի հետ խնամիությամբ կապված անձանց մասին տվյալները ևս հրապարակել

Այս տարվա հունվարի 30-ին Կառավարությունն ընդունեց հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա և ընտանիքի անդամների տարեկան հայտարարագրերի օրինակելի ձևերը: Սակայն, մինչ օրս Կառավարությունը չի ընդունել վերը նշված հայտարարագրերում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, գրում է hetq.am-ը։

Արդարադատության նախարարության հեղինակած Կառավարության որոշման նախագիծն օրեր առաջ հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft-ում:

Նախագծով առաջարկվում են մի շարք նորամուծություններ, որոնք նախկինում չեն եղել: Ավելի ընդլայնվել են հայտարարագրերում ներկայացված տվյալները, գործարքների տեսակները, անձանց շրջանակը, գույքի տեսակները և այլն: Նախկինում չէին նշվում գույքի, դրամական միջոցների, արժեթղթերի ձեռքբերման աղբյուրները: Նախագծով առաջարկվում է ոչ միայն դրանց հրապարակումը, այլև՝ տվյալներ կողմերի մասին:

Ըստ նախագծի՝ բացի պաշտոնատար անձի անուն, ազգանուն, հայրանունից, ծննդյան տվյալներից, զբաղեցրած պաշտոնից, ընտանիքի անդամների մասին տվյալներից՝ ամուսին, հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձ, համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ և այլն, տարեկան հայտարարագրով հրապարակվելու են նաև պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված համատեղ չբնակվող անձանց մասին տվյալները:

Հրապարակվելու է ազգակցության կամ խնամիության կապը հայտարարատու պաշտոնատար անձի հետ, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, հայտարարատու սեփականատիրոջ բաժինը, գույքի տեսակը, գտնվելու վայրը՝ երկիր, մարզ, համայնք: Նախագծով հրապարակման տվյալ է դառնալու նաև անշարժ գույքի մակերեսը, ձեռք բերելու օրը, ամիսը, տարին, ձեռք բերելու եղանակը, կողմերը:

Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց կողմից տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված անշարժ գույքի մասին տվյալները ևս հրապարակման ենթակա են լինելու, այդ թվում՝ ձեռք բերված անշարժ գույքի գինը (արժեքը), արժույթը, մակերեսը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը:

Եթե նախագիծն ընդունվի, ապա նույն հրապարակայնությունն ապահովվելու է նաև անշարժ գույքի օտարման, ինչպես նաև տվյալ տարվա սկզբում առկա և տարվա ընթացքում ձեռք բերած կամ օտարված տրանսպորտային միջոցների դեպքում:

Հրապարակման ենթակա տվյալ է լինելու հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող բաժնային արժեթղթերը և այլ ներդրումները: Պետք է հրապարակվեն հայտարարատու սեփականատիրոջ տվյալները, ընկերության լրիվ անվանումը, արժեթղթի կամ այլ ներդրման տեսակը, ձեռքբերման ամսաթիվը, եղանակը: Հրապարակվելու է նաև տվյալ տարվա սկզբում և վերջում առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքը (գինը), արժույթը, բաժնեմասնակցության տոկոսը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը: Նույն կանոնները վերաբերելու են նաև պաշտոնատար անձի ընտանիքի անչափահաս անդամներին և խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող պարտքային և այլ արժեթղթերին, hանձնած և վերադարձված փոխառություններին, ավանդներին, դրանց գումարային չափերին:

Հրապարակվելու է նաև հայտարարատու պաշտոնատար անձի, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց՝ տվյալ տարվա սկզբում առկա կամ ընթացքում ձեռք բերած, օտարած, տարվա վերջում առկա՝ 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի (թանկարժեք գույք) վերաբերյալ տեղեկություններ: Օրինակ՝ հայտարարատու սեփականատիրոջ տվյալները, թանկարժեք գույքի տեսակը, նկարագրությունը, ձեռք բերելու կամ օտարելու տարին, եղանակը, արժեքը:

Նույն սկզբունքով հրապարակվելու է նաև վերը նշված անձանց բանկային հաշիվների մնացորդների, էլեկտրոնային հաշիվների և կրիպտոարժույթի, կանխիկ դրամի, եկամուտների, ծագման աղբյուրի, առևտրային կազմակերպություններին մասնակցությանը վերաբերող տեղեկություններ:

Որպես նորամուծություն հրապարակվելու են տեղեկություններ հայտարարատու պաշտոնատար անձի, ընտանիքի անդամների առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացվածության մասին: Հրապարակվելու են հայտարարատու պաշտոնյայի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու տվյալները, ինչպես նաև անդամակցությունը կուսակցություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններին:

Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների՝ 5 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը, որոնք կնքվել են նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ ևս համարվելու է հրապարակման ենթակա տվյալ: Այստեղ նշվելու են պայմանագրի կողմերը, տվյալներ՝ պայմանագրի կնքման գործընթացի մասին, ժամկետները, գինը և այլն:

Նախագծի հեղինակները հիմնավորել են, որ բարեվարքության համակարգի տրամաբանական շարունակությունն է հայտարարագրման համակարգը: Ըստ նրանց՝ կոռուպցիայի կանխարգելման գործում չափազանց կարևորվում է  հանրային ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքի անդամների գործունեության և ունեցվածքի նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման համար համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծումը։

«Նախագծի հավելվածով առաջարկվող հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը կապահովի հայտարարագրման համակարգի գործընթացի թափանցիկությունը և հանրային հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործումը».-կարծում են հեղինակները:

Հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող կարգավորումները ժամանակավոր լուծում են, մինչ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը:

  • Կիսվել: