Կառավարության որոշումը շատ կարևոր էր, դա նշանակում է, որ զբոսաշրջության ոլորտը կարող է կամաց-կամաց ոտքի կանգնել․ Մեխակ Ապրեսյան
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ողջունում է Հայաստանը օտարերկրացիների առաջ բացելու մասին կառավարության որոշումը։
«Սկզբունքորեն սա շատ կարևոր ու լավ որոշում էր, շնորհակալ ենք կառավարությանը որ մեր ձայնը լսվեց և մեր առաջարկություններին ու հորդորներին առաջ գնացին։ Դա նշանակում է, որ կարող է լինել միջազգային զբոսաշրջություն», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Մեխակ Ապրեսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կառավարությունը որոշել է մեկ ամսով ևս երկարաձգել արտակարգ դրությունը՝ սակայն որոշ մեղմացումներով։ Մասնավորապես, վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինը 14 օրով ինքնամեկուսացվում է։ 14 օրվա ընթացքում անձը կարող է հանձնել թեստ և բացասական ելքի դեպքում մեկուսացման ռեժիմը փոխվում է։
Ապրեսյանի խոսքով, զբոսաշրջային ընկերություններն ու միավորումները դեռ մայիսից հորդորել են կառավարությանը ատիճանաբար սկսել բացել սահմանները և հետ չմնալ մյուս երկրներից։ «Հիմա, ըստ էության, ընդունվել է այդ հարցը և նման լավ ու հուսադրող որոշում է կայացվել», -նշեց Ապրեսյանը։
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցչի խոսքով, ոլորտը զգալի տուժել է և միջազգային զբոսաշրջության աստիճանաբար վերականգնումը կարող է ուշքի բերել ոլորտը։
Առաջին զբոսաշրջիներին, ըստ Ապրեսյանի, կարելի է սպասել Ռուսաստանից, Իրանից, ինչու ոչ նաև՝ Եվրոպայից։
«Այդուհանդերձ, սա չի նշանակում, թե այս տարի ոլորտը կվերականգնվի, խնդիրները կլուծվեն։ մենք միշտ ասել ենք,ո ր ոլորտի վերականգնումը կարող է լինել մյուս տարվա ապրիլից։ Բայց շատ կարևոր է, որ հիմիկվանից սկսվի գործընթացը, մի փոքր եկամուտ գա դրսից, սկսեն արդեն աշխատել», -ընդգծեց Մեխակ Ապրեսյանը։


