շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանցի զբոսաշրջիկների տեղաշարժի հետ կապված դժվարություններ կան․ Սյունիքում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Իրանցի զբոսաշրջիկների տեղաշարժի հետ կապված դժվարություններ կան․ Սյունիքում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ամեն տարի Նոուրուզի օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են Հայաստան գալիս ինչպես ցամաքային, այնպես էլ օդային տարածքով։ Այս տարի կրկին ակտիվություն է ակնկալվում այդ ուղղությամբ։ Ամրագրումները կան, Հայաստան ուղևորվողները նույնպես, սակայն Հայաստանում առատ տեղումները որոշ դժվարություններ են ստեղծել ցամաքային հատվածով Իրանից եկած զբոսաշրջիկների տեղաշարժի հետ կապված։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ տրանսպորտային ընկերությունների կողմից կան ահազանգեր, որ շատ ճանապարհներ դժվարանցանելի են։

«Ճանապարհների մաքրման կառույցների հետ կապը կա, արագ արձագանքում են, սակայն կարծես թե քիչ է։ Միգուցե, նոր ուժեր ներգրավելու անհրաժեշտություն կա։ Անհրաժեշտ է, որ բոլոր պատասխանատու կառույցները, մասնավոր հատվածն արագ արձագանքեն աշխատանքները պատշաճ իրականացնելու համար։ Շատ կարևոր է կապը և հասանելիությունը։ Ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք շուտափույթ հարցը լուծել, այլապես բոլոր պլանավորված այցելությունները կխափանվեն։ Պետք է թույլ չտալ, որ զբոսաշրջիկները հիասթափություն ապրեն»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Նա տեղեկացրեց, որ Սյունիքում մարզային իշխանությունների կողմից ստեղծվել է օպերատիվ շտաբ, որպեսզի իրանցի զբոսաշրջիկներին կարողանան տեղավորել հյուրանոցներում մինչև ճանապարհները բացվեն։

Ինչ վերաբերում է Իրանից օդային տարածքով եկող զբոսաշրջային հոսքին, ապա Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այստեղ խնդիրներ, զանգեր չկան։ Այսօրվա դրությամբ, ինչպես թռիչքները պլանավորվել էին, այնպես էլ իրականացվում են։

  • Կիսվել: