կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ով պատահի, ինչպես պատահի չպետք է ներկայացնի մեր երկիրը․ Մեխակ Ապրեսյան

Ով պատահի, ինչպես պատահի չպետք է ներկայացնի մեր երկիրը․ Մեխակ Ապրեսյան

Կառավարության որոշմամբ՝ զբոսաշրջային օպերատորների, գործակալների, հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց, զբոսավարների եւ ուղեկցորդների գործունեությունը կդառնա ծանուցման ենթակա։ Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է ծանուցվեն էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային կոմիտե եւ նախատեսված փաստաթղթերը։ Սահմանվելու են հստակ չափանիշներով պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար։

«Գործող օրենսդրությամբ զբոսաշրջիկի եւ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի իրավունքները, պարտականությունները հստակեցված չեն, ոլորտի նկատմամբ վերահսկողական մեխանիզմների հարցը չլուծված է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը։

Ներդրվելու է նաեւ էլեկտրոնային գրանցամատյան, որով զբոսաշրջիկները կարող են ստուգել` տուրիստական զբոսաշրջային օպերատորը օրինական գործունեություն է ծավալում, թե՝ ոչ։

«Մեզ մոտ մրցակցային դաշտը եւ գործարար ներդրումային միջավայրը վտանգված են, եւ սահմանելով այս գործընթացները՝ կարող է կարգավորել դաշտը, ապահովել բարեխիղճ մրցակցային միջավայր։ Սրա արդյունքում բոլորը բերվելու են բաց դաշտ եւ աշխատելու բաց հարկային համակարգում։ Կան ընկերություններ, որոնք աշխատում են տնից, հարկեր չեն վճարում, մատուցում են շատ ցածրակարգ ծառայություններ՝ խաթարելով միջավայրը նաեւ վատ են անդրադառնում երկրի իմիջի վրա։ Կարեւոր է նաեւ, որ կարգավորվում է զբոսավարային օպերատորների աշխատանքը, իրենք են փաթեթեները ձւեավորում, երկրի իմիջի վրա ազդեցություն ունեն, իրենց աշխատանքն էլ է կարեւոր։ Ով պատահի, ինչպես պատահի չպետք ներկայացնի մեր երկիրը, այլ պետք է երկիրը ներկայացնեն այնպիսի զբոսավարներ եւ զբոսաշրջային օպերատորներ, որոնք հայրենասեր գիտակներ են»,- ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Ընկերությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են տեղական ինքնակառավարման մարմինները։ Որպես պատիժ կիրառվելու է տուգանքից մինչեւ գործունեության դադարեցում։

  • Կիսվել: