հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2022 թվականին հայկական տուրիստական ​​ընկերությունները լուրջ վնասներ են կրել

2022 թվականին հայկական տուրիստական ​​ընկերությունները լուրջ վնասներ են կրել

2022 թվականին տուրիստական ընկերությունները լուրջ վնասներ են կրել, քանի որ զբոսաշրջիկները սպասարկվել են 2021 թվականի գներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նա նշեց, որ հենց դրանում է  կայանում մասնավոր հատվածի դերը, որն այսպիսով չի վնասել երկրի իմիջին՝ հրաժարվելով գների իջեցումից եւ իր իմիջին նույնպես։

«Բացի ամեն ինչից, պետք է հաշվի առնել նաեւ 10 տոկոս գնաճը։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականին տուրփաթեթը դրամային համարժեքով 2021 թվականի համեմատ թանկացել է 50 տոկոսով»,- պարզաբանեց փորձագետը։

Տուրիստական ​​ընկերություններից մեկի տնօրեն Արկադի Սահակյանն իր հերթին պարզաբանեց, որ 2022 թվականին 1,66 միլիոն զբոսաշրջիկների թիվը ձեւավորվել է նաեւ այն մարդկանց շնորհիվ, ովքեր տարանցիկ ճանապարհով են ժամանել Երեւան, իսկ հետո 2-3 օրից գնացել իրենց հիմնական ուղղությամբ, որն իր ազդեցությունն է ունեցել նաեւ դրամի արժեւորման վրա։

Նա հավելեց, որ եթե նախկինում 3-4 աստղանի հյուրանոցում հանգիստը տատանվում էր օրական 120-130 դոլարի սահմաններում՝ ներառյալ էքսկուրսիաները, ապա այսօր այդ թիվը հասել է 200 դոլարի։

Սահակյանը հայտարարեց, որ միաժամանակ կտրուկ նվազել են տուրիստական ​​ընկերությունների եկամուտները՝ դա կապելով նրա հետ, որ 2022 թվականի տուրփաթեթները վաճառվում էին  դեռ 2021 թվականին, երբ դոլարի փոխարժեքն ավելի բարձր էր հայկական դրամի նկատմամբ։

«Ընկերությունները դրանից կորցրել են իրենց պոտենցիալ եկամտի մոտ 25 տոկոսը: Եկամտի եւս 10-15 տոկոսը կորցրել են սննդի ծառայություններից, տրանսպորտից, հյուրանոցներում բնակվելուց։ Բացի այդ, չնայած այն հանգամանքին, որ, ըստ միջազգային գործակալությունների վարկանիշների, Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում յոթերորդ տեղում է, այնուամենայնիվ, ամերիկյան եւ ֆրանսիական շատ ընկերություններ իրենց ցուցակից հանել են Ադրբեջանի հետ սահմանակից Հայաստանի շրջանները։ Կարծում եմ՝ սա  Հայաստանի արտգործնախարարության բացթողումն է»,- շեշտեց տուրիստական ​​ընկերության տնօրենը։

Նա մատնանշեց նաեւ կիսագրագետ կամ լրիվ անգրագետ գիդերի խնդիրը։

  • Կիսվել: