AFP․ Մարսելում անկարգությունների ժամանակ թալանին մասնակցել է 30 հազար մարդ
Մարսելում հոկտեմբերի 17-ի անկարգությունների ժամանակ թալանին մասնակցած անձանց թիվը հասել է 30 հազարի։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Բուշ դյու Ռոն դեպարտամենտի ոստիկանության պրեֆեկտուրային։
Գերատեսչության տվյալներով՝ անկարգությունների հետ անմիջական կապի համար ձերբակալվել է 99 մարդ։ Իրավապահների շրջանում տուժել է 118 աշխատակից։
Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ողջ տարածքում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել էր 800 հազար մարդ, մինչդեռ ՆԳՆ-ն հայտնել էր 550 հազարի մասին։
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտնել էր ամբողջ երկրում ավելի քան 2 հազար մարդու ձերբակալության մասին և խոստացել, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել ջարդերին ու թալանին մասնակցած բոլոր անձանց։



