երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ջուլհակյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ադրբեջանցի պատգամավորի ներկայացրած զեկույցին

Ջուլհակյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ադրբեջանցի պատգամավորի ներկայացրած զեկույցին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար ծայրահեղ աջ գաղափարախոսության մարտահրավերների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին:

«Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել ծայրահեղ աջ գաղափարախոսության հետ կապված ատելության, խտրականության և բռնության հանցագործությունների տագնապալի աճին: Այս գործողություններն ուղղակիորեն սպառնում են անհատների մարդու իրավունքներին, որոնք թիրախավորվում են իրենց ազգային պատկանելության, կրոնի կամ համոզմունքների հիման վրա: Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է, որ մենք՝ որպես կազմակերպություն, քննարկենք այս հարցը՝ փորձելով գտնել հնարավոր լուծումներ։ Բայց անկեղծ ասած, ես մի փոքր շփոթված եմ՝ տեսնելով, որ այլատյացության և ավտորիտարիզմի հետ կապված թեմայի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը հայտնի է իր այլատյացությամբ և ավտորիտարիզմով:

Երկիր, որը վերջերս էթնիկ զտման է ենթարկել իր նախնիների հայրենիքում ապրող հայերի մի ամբողջ ազգաբնակչություն։ Զեկույցում ներկայացված են տարբեր երկրների օրինակներ, սակայն ոչինչ չի ասվում հենց Ադրբեջանի մասին։ Սա կարող է վերաբերել Ադրբեջանի վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վերջին զեկույցին, որում նշվում է հետևյալը. «Կոմիտեն խորապես մտահոգված է ռասայական ատելության հրահրմամբ և հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ ռասայական կարծրատիպերի տարածմամբ։ Մենք պետք է միասին դիմակայենք ծայրահեղականությանը, ատելությանը և անհանդուրժողականությանը»»,- ասել է պատգամավորը։

  • Կիսվել: