չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Իշխող ուժը Երևանի նոր քաղաքապետ ընտրելու կամ ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի

Իշխող ուժը Երևանի նոր քաղաքապետ ընտրելու կամ ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի

Երևանի քաղաքապետի պաշտոնից Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները կատարում է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ավագանու առաջիկա նիստում նոր քաղաքապետ ընտրելու, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ որոշում դեռ չունի։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում խմբակցության անդամները հանդիպելու և քննարկելու են առաջ շարժվելու ճանապարհները։

«Ավագանու առաջիկա նիստը կգումարվի մեկ ամսվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով: Արտահերթ ընտրություններ անցկացնելու, ավագանու նիստում նոր քաղաքապետ ընտրելու վերաբերյալ որոշում դեռևս չունենք, բայց խմբակցության անդամներով առաջիկայում հանդիպելու ենք, խոսելու և քննարկելու, թե ինչպե՞ս ենք առաջ շարժվելու»,-ասաց Գալջյանը:

Մարտի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ  նիստի ընթացքում Հրաչյա Սարգսյանը հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին։ Երևանի ավագանու հերթական ընտրությունները կայանալու են 2023 թվականի աշնանը։

Նշենք սակայն, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր InfoPort.am-ը, հղում անելով քաղաքապետարանում իր աղբյուրի վրա, ըստ նախօրոք մշակված սցենարի, Ավագանու իշխող մեծամասնությունը արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետ չի ընտրելու և Ավագանին լուծարվելու է։ Դրանից հետո երկամսյա ժամկետում նշանակվելու են Ավագանու նոր ընտրություններ։

  • Կիսվել: