կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում՝ շուկայական արժեք +15% սկզբունքով. Հայկ Կոստանյան

Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում՝ շուկայական արժեք +15% սկզբունքով. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը անդրադարձել է Կոնդ թաղամասի շուրջ իրավիճակին:
 
«Քանի որ Կոնդ թաղամասի շուրջ առանձին դեպքերում կան ակնհայտ մանիպուլյատիվ շահարկումներ, իսկ որոշ դեպքերում թյուրիմացաբար հնչող կարծիքներ, որոնց գերակշիռ մասը իրականությանը չի համապատասխանում, ցանկանում եմ որոշակի հստակություն մտցնել թեմայի վերաբերյալ:
 
Այսպես՝ սույն թվականի փետրվարի 25-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հնչած թվերը՝ մասսնավորապես 139 000 և 214 000 ՀՀ դրամը ոչ թե վերաբերում են ապագայում Կոնդի բնակիչների գույքային փոխհատուցման չափին, այլ հետևյալին.
նախ նշեմ, որ կոնդեցիներին փոխհատուցելու հստակ չափը հասկանալու համար, անհրաժեշտ է վերացնել սեփականության հետ կապված վիճահարույց կամ բաց մնացած բոլոր խնդիրները:
 
Այդ խնդիրները լուծելու համար ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից կոնդեցիների դիմումների հիման վրա իրականացվում են Կոնդ թաղամասի սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգման աշխատանքներ, որոնց համար նախատեսված է սահմանված կադաստրային արժեքի վճար ՝ 2 տոկոսոի չափով:
 
Բերեմ օրինակ. ենթադրենք քաղաքացին ներկայումս ունի 50 քռ.մ-ի սեփականության վկայական: Սահմանների ճշգրտումից հետո փաստացի ունենում է 100 քռ.մ-ի սեփականության վկայական, ինչն իր հերթին կնշանակի, որ քաղաքացին պետք է որպես Երևանի ավագանու որոշմամբ սահմանված տեղական տուրք ՝ կատարի վճարում հետևյալ կերպ.
 
Կադաստրային գոտիով սահմանված 139 000 ՀՀ դրամի դեպքում՝ 139 000-ի 2%-ը կազմում է 2780 ՀՀ դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քռ.մ-ի թվին: Պայմանական՝ 100քռ.մ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 278 000 ՀՀ դրամ տեղական տուրք:
 
Կադաստրային գոտիով սահմանված 214 000 ՀՀ դրամի դեպքում՝ 214 000-ի 2% կազմում է 4280 ՀՀ դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քռ.մ-ի թվին: Պայմանական 100 քռ.մ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 428 000 ՀՀ դրամ տեղական տուրք»,- գրել է Կոստանյանը:

  • Կիսվել: