երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կոնդի վերակենդանացման հայեցակարգի մրցութային նախագծերը ցուցադրվում են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

Կոնդի վերակենդանացման հայեցակարգի մրցութային նախագծերը ցուցադրվում են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

Ավարտվում է Երևանի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը։ Ներկայացվել են հայեցակարգային երեք նախագծեր, որոնք ցուցադրվում են Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում։

Մրցութային հանձնաժողովի անդամները Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի ուղեկցությամբ մասնակցել են աշխատանքների ցուցադրության բացմանը, այնուհետև անցկացրել հերթական նիստը՝ դիտարկելու նախագծերը և գնահատման ձևաչափը։

Միջազգային հանձնաժողովի կազմում ընդգրկված են ճարտարապետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Կոնդի բնակիչներ, իրավաբաններ, սոցիոլոգներ, պատմաբաններ, ՀՀ պետական գերատեսչությունների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր անդամ նախագծերը գնահատելիս հաշվի է առնելու նախագծի նպատակահարմարությունը, համապատասխանությունն առաջադրանքին, տնտեսական արդյունավետությունը, պատմական շերտի ու բնակիչների շահերի պահպանումը և մի խումբ այլ չափորոշիչներ։

Եզրափակիչ նիստի ժամանակ միավորների հաշվարկից հետո կամփոփվեն և կհրապարակվեն մրցույթի արդյունքները, հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն:

  • Կիսվել: