Իշխանությունը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը երկրի ողջ տարածքում․ Մինասյան
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը: Այս մասին այսօր ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա քննադատեց նախագահին օրենքը ստորագրելու համար: Ընդդիմության կարծիքով՝ օրենքն իր բնույթով հակասահմանադրական է:
«Նոր խոշորացումը կոնկրետ քաղաքական նպատակ է հետապնդում։ Իշխանությունը մտադիր է ամրապնդել իր դիրքերը երկրի ողջ տարածքում»,-ասաց Մինասյանը։
Հիշեցնենք, որ կառավարության նոր նախաձեռնությամբ նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի 69 համայնք, Արարատում՝ 105, Արմավիրում՝ 82, Գեղարքունիքում՝ 62, Լոռիում՝ 43, Կոտայքում՝ 30, Շիրակում՝ 40, Վայոց ձորում՝ 5 եւ Տավուշի մարզում՝ 3 համայնք: Բացի այդ, Էրքենանց գյուղը նախատեսվում է ներառել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում ընդգրկված բնակավայրերի ցանկում: Շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ իշխանությունները շտապում են փոխել վարչատարածքային բաժանումը` խոշորացված համայնքներում առաջիկա ընտրություններում գյուղական ընտրազանգվածի աջակցության շնորհիվ ավելի լավ արդյունքների հասնելու համար: