երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն Գորիսում ընտրությունների հետ կապված. Վարդեւանյան

Իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն Գորիսում ընտրությունների հետ կապված. Վարդեւանյան

Եթե իշխանության իրական խնդիրը լիներ համայնքները զարգացնելը, կոմունիկացիաները կատարելագործել, ապա դրանք կլինեին հանրային քննարկումներով, մասնագետների ներգրավմամբ, որոնք կներկայացնեին ծրագրեր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացմանը եւ ՏԻՄ ընտրություններին:

«Դրանցից ոչ մեկը չկա, որովհետև այդ քննարկումները տևել են մի քանի օր, և դրա պայմաններում որոշվել է, որ 441 համայքններում միջամտություն է լինելու»,-ասաց նա:

«Չեմ կիսում կարծիքը, որ միեւնույն է իշխանությունները կհաղթեն: Առնվազն Գորիսում սպասվում են ընտրություններ եւ այն հայտարարությունները, որ տեսնում ենք, այն ներվը, որ կա Առուշ Առուշանյանի թեկնածության վերաբերյալ՝ էլ իրեն զրպարտելու, հերյուրանքներ ներկայացնելու և նրան ամեն կերպ կալանքի տակ պահելու փորձերը նշանակում են, որ իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն: Հակառակ դեպքում Առուշ Առուշանյանը կլիներ ազատության մեջ, ընտրություններից մի քանի ամիս առաջ էլ չէր հայտարարվի, որ մեկ մլրդ դրամ տալիս են Սյունիքի մարզին»:

Հարցին՝ ճի՞շտ է տպավորությունը, որ իշխանության հետ անհամաձայնություն ունեն միայն Սյունիքում, Վարդևանյանն ասաց. «Մենք գործ ունենք բռնապետությանը բնորոշ իրական պատկերի հետ: Մեր հայրենակիցներից շատերն ունենում են վախեր՝ իրենց բողոքն արտահայտելու, որովհետև տեսնում են, որ մարդկանց բերման են ենթարկում, քրեական հետապնդում են սկսում»,-ասաց նա՝ նշելով, թե «ռեպրեսիվ մեքենան» ինտենսիվ է աշխատում:

  • Կիսվել: