հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իշխանություններն ասել են՝ չեն ձևավորելու Սահմանադրական դատարան, որը լինելու է խամաճիկային. Ալեն Սիմոնյան

Իշխանություններն ասել են՝ չեն ձևավորելու Սահմանադրական դատարան, որը լինելու է խամաճիկային. Ալեն Սիմոնյան

«Իշխանություններն ասել են, որ չեն ձևավորելու Սահմանադրական դատարան, որը լինելու է խամաճիկային կամ որը պատկանելու է իշխանությանը։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ՍԴ նորընտիր դատավորների շուրջ քննադատություններին։

Նրա խոսքով, իշխանությունը ձևավորելու է Սահմանադրական դատարան, որը լինելու է նոր, լինելու է սկզբունքային։

«Իսկ այդ առումով, ես կարծում եմ, ԱԺ պատգամավորները քննարկումներից հետո իրենց որոշումը կայացրել են։ Եվ չեմ համարում, որ այստեղ մենք որևէ մեկին դավաճանել են։ Նախ և առաջ պետք է հասկանանք, թե ովքեր են այդ խոսացողները, և վստահեցնում եմ ձեզ՝ մենք ում էլ բերեինք, ինչ թեկնածու էլ լինի, մշտապես լինում են տարբեր շահեր»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ մի անգամ ԱԺ-ն մերժել էր ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ այս անգամ հավանություն  է տվել. Ալեն Սիմոնյանն ասաց, որ լսել են Արթուր Վաղարշյանի ելույթը, մոտեցումները, դրական բաներ են տեսել, որն ազդել է իրենց որոշման վրա:

«Ես չեմ ուզում ասել՝ այ էս խոսքը սենց ասեց, դուրներս եկավ: Պատգամավորներին շատ դուր է եկել պարոն Վաղարշյանի մոտեցումը, անկեղծությունը, ազնվությունը: Առաջին անգամ ոչ թե ազնիվ չէր, այլ երևի ավելի լարված էր, ասելիքը միգուցե տեղ չհասավ: Հիմա մարդը ելույթ է ունեցել, պատգամավորների դուրն եկել է, որոշում են կայացրել, որ այնուամենայնիվ, այս մարդը վստահություն է ներշնչում և կարող է հանդես գալ ՍԴ դատավորի պաշտոնում»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: