կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրավական որևէ կազուս չկա. Բադասյանը՝ Օնիկ Գասպարյանի ազատման և Արտակ Դավթյանի նշանակման մասին

Իրավական որևէ կազուս չկա. Բադասյանը՝ Օնիկ Գասպարյանի ազատման և Արտակ Դավթյանի նշանակման մասին

Որևէ իրավական կազուս չկա՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի ազատմանը:

«Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, և Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում: Ես խորհուրդ կտամ ուղղակի սահմանադրական անվտանգության շրջանակում վերլուծել՝ ինչ է նշանակում իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում կամ իրավունքի ուժով հետևող որևէ իրադարձություն, այդտեղ մեկնաբանություն, որ հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որևէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը վերանայել, կարծում եմ, որ տեղին չէ, և դրանք շահարկումների դաշտում են»,- նշեց Բադասյանը:

Վարչական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշման մասով էլ Բադասյանը նշեց, որ դրանից ամենևին էլ չի բխում որևէ սահմանադրական պրոցես, Գասպարյանը պաշտոնում վերականգվել չի կարողանա: Անդրադառնալով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարությանը՝ Արտակ Դավթյանի՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու մասին, Բադասյանը նշեց.

«Վարչապետի հայտարարությունն ընդամենը արձանագրում է: Սահմանադրությունը նշում է, որ եթե համապատասխան առաջարկ է ներկայացվում, այնուհետև այդ առաջարկը առարկություններով նախագահի կողմից վերադարձվում է, վարչապետի կողմից այն չի ընդունվում, և եթե նախագահը չի դիմում ՍԴ և չի ստորագրում, ապա իրավունքի ուժով համապատասխան հրամանագիրը մտնում է ուժի մեջ: Այսինքն՝ այսօր սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտել»:

  • Կիսվել: