չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
«Իրար վրա գրիչ մի շպրտեք». Ավագանու նիստին վիճակը լարվեց, հնչեցին վիրավորանքներ, մտան ոստիկաններ

«Իրար վրա գրիչ մի շպրտեք». Ավագանու նիստին վիճակը լարվեց, հնչեցին վիրավորանքներ, մտան ոստիկաններ

Երեւանի ավագանու այսօրվա նիտում ինչ-որ պահի իրավիճակը լարվեց. «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի խոսքից հետո ընդդիմադիր և իշխող խմբակցությունների անդամներից շատերը ոտքի ելան եւ ինչ-որ բան էին բղավում: Իրավիճակը գնալով լարվում էր, հնչում էին վիրավորանքներ: Անգամ ներկաներից մեկը գրիչ նետեց ինչ-որ մեկի ուղղությամբ: Ոստիկանության աշխատակիցներ մտան դահլիճ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը երկար ժամանակ խնդրում էր լռություն պահպանել, հանդարտվել, բայց նրան լսող չկար. «Հարգելի գործընկերներ, լռություն, մի հատ կրքերը մի բորբոքեք, էլի: Մի հատ հլը մի ոգեւորվեք, հանգստացեք բոլորդ: Պարոն Սուքիասյան, մի հատ դադարեցրեք իրար վրա գոռալը, վիրավորելը: Երեւանցիները հիմա նայում են էս նիստը, սա բոլոր կողմերին է վերաբերում:

Ես նկատողություն անելու եմ, հիմա ձեզ էլ պետք է նկատողություն անեմ, որովհետեւ դուք էլ ձեզ կոռեկտ չեք պահում: Տիկին Խաչատրյան, պարոն Սուքիասյան, դուք ստանում եք նկատողություն: Հանգիստ մի հատ, լսեցինք, հասկացանք, էս պառը դուրս եկավ, վսյո, նստեք»,-ասաց քաղաքապետը:

Նա խնդրեց չվիրավորել իրար. «Մի անցեք էդ լեքսիկոնին, Երեւան քաղաքը մեզ է նաում եւ իրապես դա շատ տգեղ է դիտվում եւ դա խոսում է մեր բոլորի մասին: Խնդրում եմ՝ զերծ մնալ պիտակավորումներից, իրար նկատմամբ լինել հարգալից: Խոսքը կարող է լինել սուր քաղաքական, բայց կոռեկտ»:

Դահլիճից Ավինյանին ուղղված հարց հնչեց՝ իսկ գրիչ շպրտելը նկատեցի՞ք, ինչին քաղաքապետը նախ ասաց, որ չի տեսել, ապա հավելեց. «Իրար վրա գրիչ մի շպրտեք իրար մի վիրավորեք»:

  • Կիսվել: