կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանական Շիրազում ու մի քանի բնակավայրերում իրավիճակը անվերահսկելի է, հրդեհել են բանկեր, ինտերնետ չկա. իրանահայ լրագրող

Իրանական Շիրազում ու մի քանի բնակավայրերում իրավիճակը անվերահսկելի է, հրդեհել են բանկեր, ինտերնետ չկա. իրանահայ լրագրող

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը, որն այժմ Հայաստանում է, Իրանում ստեղծված լարված իրավիճակին ծանոթանում է հիմնականում Թվիթերի միջոցով, այն էլ՝ ոչ ամբողջական: «Ինֆորմացիան, որ Իրանից դուրս է գալիս հիմնականում Իրաքին սահմանակից շրջաններից է, որտեղ հեռախոսի հասանելիություն կա:

Այնտեղից մարդիկ կարողանում են ինչ-որ կցկտուր տեղեկություններ հաղորդել, որ ենթադրենք՝ խոսել ենք Թեհրանի հետ, այնտեղ իրավիճակը ավելի հանդարտ է, բայց շատ քաղաքներում անվերահսկելի է: Այս պահին Իրանում ինտերնետ չկա, հեռախոսի հասանելիությունը գրեթե զրոյական է, բջջային հաղորդագրությունները հասնում են հինգ-վեց ժամ ուշ», - PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց իրանահայ լրագրողը:

Նրա խոսքով, Շիրազում ու մի քանի քաղաքային բնակավայրերում իրավիճակն անվերահսկելի է՝ բանկերը, ոստիկանական կետերը, բենզալցակայանները բոլորը հրդեհել են, իսկ ահա Քերմանշահում ուղիղ կրակ են բացել ժողովրդի վրա: «Այն, որ ինտերնետ չկա, այն, որ հեռախոսային կապը սարսափելի է, դա նշանակում է, որ իրավիճակն այնպես չէ, ինչպես հայտարարում են որոշ փորձագետներ՝ նշելով, թե դա նորմալ է, հատուկ է Իրանին», -հավելեց Մինասյանը՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունների հետևանքով պետությունը օրական 36 մլն դոլարի վնաս է կրում:

Ըստ լրագրողի, նույնիսկ Թեհրանի օդանավակայանի կայքը չի աշխատում ու դեպի Թեհրան չվերթների մասին որևէ տեղեկություն չկա: Իրանահայ լրագրողը դժվարանում է նշել, թե արդյոք սա հեղաշրջո՞ւմ է, ինչպես այս ամենը կավարտվի, բայց հիշում է, որ նման իրավիճակ երկրում եղել է նաև 15 տարի առաջ, սակայն միևնույն է, ինտերնետի այս աստիճան բացակայություն չի եղել:

«Մեկնաբանություներ կան, որ սա իրանական հոգևոր առաջնորդին հարող խորհրդի կողմից հեղաշրջման փորձ է նախագահի դեմ: Քանի որ ամեն ինչ փակ է, դժվար է հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչ նպատակով է կատարվում:

Պետությունն էլ փակել է, որ ինֆորմացիա չհասնի մարդկանց: Բացի այդ, զոհերի մասին տարբեր տվյալներ կան՝ ասում են՝ 100-ից ավելի են, ձերբակալվածների թիվը անցնում է հազարից: Իրանական լրատվական կայքերից մեկը, որ մի երկու ժամ հասանելի էր եղել, հաղորդել էր մարզերից մեկի ղեկավարի հայտարարությունը, որի համաձայն ավելի քան 3000 անձ ձերբակալված է», - ներկայացրեց Մինասյանը: Նկատենք, որ Իրանում դժգոհությունների ալիքը բարձրացել էր բենզինի գնի թանկացման հետևանքով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: