ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
 
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են ռազմաճակատում իրավիճակին և պաշտպանության ոլորտում Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։
 
Նրանք անդրադարձել են նաև Ստամբուլում օրերս տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններին, Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների առաջիկա հնարավոր հանդիպումներին, գերիների փոխանակմանը:
 
«Ուկրաինան պատրաստ է հրադադարի և խաղաղության, սակայն Ռուսաստանը դեմ է դրան, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ պատժամիջոցներ»,- նշել է Երմակը։
 
Ուկրաինայի պաշտպանության նախարարն էլ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Ռամշտայնի ձևաչափով հանդիպմանը: Ուկրաինական կողմի տվյալով՝ Ռուստեմ Ումերովը Կիևի գործընկերների հետ պայմանավորվել է պաշտպանական արտադրության մեխանիզմ մշակելու շուրջ։
 
Հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Բելգիան, Նորվեգիան, Կանադան, Շվեդիան նաև խոստացել են բազմամիլիոնանոց ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային՝ երկրի ռազմական ներուժն ամրապնդելու համար:
 

  • Կիսվել: