երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինձ համար աշխատանքը եղել է մարդկանց բարեխղճորեն ծառայելու, տարբեր գաղափարներ կյանքի կոչելու, նրանց կյանքի որակը փոխելու միջոց. Փամբուխչյան

Ինձ համար աշխատանքը եղել է մարդկանց բարեխղճորեն ծառայելու, տարբեր գաղափարներ կյանքի կոչելու, նրանց կյանքի որակը փոխելու միջոց. Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ ընտրված Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Ավագանու հարգելի՛ անդամներ,
Սիրելի՛ երևանցիներ,
 
Օրենսդիր և գործադիր մարմիններում զբաղեցնելով տարբեր պաշտոններ` ինձ համար աշխատանքը եղել է մարդկանց բարեխղճորեն ծառայելու, տարբեր գաղափարներ կյանքի կոչելու, նրանց կյանքի որակը փոխելու միջոց։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի կարգավիճակը կլինի հերթական միջոցը մեկ միլիոնից ավելի մարդու համար ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ բարեկարգ բակերը, կանաչապատ այգիները, հանրային տրանսպորտը, մշակութային միջոցառումները կլինեն նրանց օրվա լավագույն մասնիկը։
 
Ինձ համար մեծ պատիվ է ծառայել մեր քաղաքին և երևանցիներին, և ես շնորհակալ եմ ձեզ, պարո՛ն քաղաքապետ, ավագանու հարգելի՛ անդամներ այս հնարավորության համար։
 
Երևանցիներին որակյալ ծառայություններ մատուցելը, քաղաքը հարմարավետ դարձնելը մեր գերնպատակն է, և դրան հասնելու համար մեզ հարկավոր է բնակիչ-համայնք փոխգործակցության նոր մակարդակ։
 
Երևանում ապրող մարդը պետք է հոգ տանի, պահպանի և խնամի իր միջավայրը, իսկ համայնքը իր գործիքակազմով քաղաքը նրանց համար դարձնի հասանելի և հարմարավետ։
 
Երևանի զարգացմանն ուղղված ցանկացած ջանքի կենտրոնում պետք է լինի քաղաքացին։
 
Անցնող 5 տարիների ընթացքում քաղաքապետարանը մի շարք ձեռքբերումներ է ունեցել և միևնույն ժամանակ ժառանգել բազում խնդիրներ։ Ես կարծում եմ, որ մեծ աշխատանքը դեռ առջևում է, աշխատանք, որի ընթացքում երևանցիները ունենում են արդարացի դժգոհություններ, բայց ես վստահ եմ՝ մեր կատարած աշխատանքի ընթացքն ու վերջնարդյունքը լինելու է գոհացնող։
 
Հարգելի՛ քաղաքապետ,
Ավագանու հարգելի՛ անդամներ,
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ վստահության համար։
Սիրելի՛ երևանցիներ,
 
Ձեզ հետ շփումը կարևոր է ինձ համար և մեզ սպասում են պարբերաբար հանդիպումներ՝ լինեն դրանք համայնքային շրջայցների, պարբերական ընդունելությունների և թե այլ ձևաչափերով՝ վստահեցնելով, որ բարձրացված խնդիրներն ունենալու են համապարփակ լուծումներ։
 
Հետադարձ հայացք նետելով քաղաքի անցյալին, գնահատելով և արժևորելով ներկան, կարծում եմ՝ մենք պետք է վերագտնենք հինը՝ ստեղծելով նորը և այս համատեքստում մեզ համար կարևոր է յուրաքանչյուր երևանցու մասնակցություն։
 

  • Կիսվել: