ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչպես լուծել Շուռնուխի եւ Որոտանի խնդիրը, ինչպես կբանակցեի տարածքները չհանձնելու հարցով. Էդմոն Մարուքյանի գրառումը

Ինչպես լուծել Շուռնուխի եւ Որոտանի խնդիրը, ինչպես կբանակցեի տարածքները չհանձնելու հարցով. Էդմոն Մարուքյանի գրառումը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանy Facebook-ի իր էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է Շոռնուխի եւ Որոտանի խնդրին:

Նա, մասնավորապես, գրել է. «Ինչպես լուծել Շուռնուխի եւ Որոտանի խնդիրը.

Ինձ հաճախ հարցնում են, թե ես ինչ քայլեր կձեռնարկեի, եթե ստեղծված իրավիճակում լինեի Հայաստանի բանակցողը, մասնավորապես՝ ինչպես կբանակցեի Շուռնուխի եւ Որոտանի տարածքները չհանձնելու հարցով։

Պատասխանեմ.

Ներկայացվածը նույն «Google»-ի քարտեզով Երասխի հատվածն է՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Այդ քարտեզի համաձայն էլ՝ Սեւակավանի մոտ տարիներ շարունակ տեղակայված են ադրբեջանական մարտական դիրքեր՝ 1.5-2կմ ներս դեպի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։

Եվ այս մասին տեղյակ լինելով՝ հայկական կողմը երբեք չի պահանջել Ադրբեջանից այդ մի քանի կմ-ը ետ քաշվել ու դուրս գալ մեր տարածքից, իսկ կառուցված մարտական դիրքերը թողնել մեզ։

Այս պահին այս հարցով մեր հանդուրժողականության դիմաց ես, որպես երկրի վարչապետ, կպահանջեի հօգուտ մեզ փակել Շուռնուխի եւ Որոտանի տարածքների վեճը՝ ցույց տալով, թե դեռեւս տարիներ առաջ որքան է ադրբեջանական կողմը առաջ եկել դեպի մեր տարածք ու իր մարտական դիրքերը դրել, նստել դեպի Սեւակավան՝ ընդդեմ մեր մարտական հենակետերի։

Պետք է նկատի ունենալ, որ Շուռնուխում հանձնվող այն տարածքը, որը զբաղեցված է 12 տներով, անգամներով պակաս է քարտեզում ընդգծված տարածքից։ Այստեղ հրապարակված քարտեզում Ադրբեջանն ունի ամուր կառուցված դիրքեր, որոնք, համոզված եմ, կնախընտրեր պահպանել։

Իմ առաջարկը կլիներ մի կողմ դնել քարտեզները, որոնցից որեւէ մեկի բացարձակ ճշգրտության վերաբերյալ չենք կարող վստահ լինել, եւ առաջնորդվել փոխզիջումային սկզբունքով, ինչպես օրինակ վերը նշեցի։

Սակայն իշխանությունն ընտրել է «ինչ ուզեն, պիտի տանք» սկզբունքը՝ առանց խորամուխ լինելու, թե բանակցային ինչ հնարավորություններ կան եւ կարող են լինել։

Այսպիսով ակնհայտ է, որ պարտության սիմվոլ վարչապետը չի կարողանում այս խնդիրները կարգավորել, իսկ եթե ձեւը ցույց տալուց հետո էլ չի կարողանալու կարգավորել, նրան կրկին մնում է մեկ տարբերակ՝ մի կողմ քաշվել եւ թույլ տալ, որ մենք գանք կարգավորենք այդ խնդիրները»:

  • Կիսվել: