շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչպե՞ս է Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը կապված աշխարհաքաղաքականության հետ

Ինչպե՞ս է Լաչինի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը կապված աշխարհաքաղաքականության հետ

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ, իբր բնապահպանական նկատառումներից ելնելով, փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ առաջ քաշելով նաեւ քաղաքական պահանջներ։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է:

Բերձորի (Լաչինի-խմբ․) միջանցքի խնդիրը շատ արագ միջազգային արձագանք ստացավ եւ ներառվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 20-ին Հայաստանի խնդրանքով Նյու Յորքում կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հարցը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կոչ է արվել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը վստահ է, որ այս հանդիպումը պայմանավորված էր աշխարհաքաղաքական դրդապատճառներով, ինչը, պարտադիր չէ, որ բխի միայն միջանցքը բացելու կամ Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու նկատառումներից։

«Այս մասին վկայում են ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ գերտերությունների ներկայացուցիչների ելույթները։ Դրանցում երանգային տարբերություններ կային։

Օրինակ, ԱՄՆ ներկայացուցչի հայտարարության մեջ չկար հղում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները, սակայն հնչեց հասցեական մեղադրանք, որ Ադրբեջանը պետք է բացի միջանցքը։ Բացի այդ, հնչեց հետաքրքիր բառակապակցություն՝ «Ադրբեջանը եւ մյուս կողմերը»։

Հաշվի առնելով ներկայիս քաղաքական պայմանները՝ կարելի է ասել, որ սլաքները, ակնարկներն ու մեղադրանքներն ուղղված են Մոսկվային։

Ֆրանսիայի ներկայացուցիչը հղում կատարեց եռակողմ հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները։ Ֆրանսիան հստակ ազդանշան ուղարկեց բրյուսելյան ձեւաչափով միջնորդական առաքելությունը վերականգնելու անհրաժեշտության մասին, որը կասեցվել էր Ալիեւի այն հայտարարությունից հետո, որ Մակրոնը դրան չպետք է մասնակցի։

Առաջին պլան է մղվում Ֆրանսիան, որը շատ ակտիվ է հատկապես Հայաստանի տարածք Ադրբեջանի սեպտեմբերյան ներխուժումից հետո, երբ Փարիզը Բաքվից պահանջեց զորերը ելման դիրքեր վերադարձնել։

Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը այդ պահանջը չկատարելու դեպքում միջազգային հանրությանը կոչ արեցին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Հենց դրանից հետո Ալիեւը հայտարարեց, որ չի ցանկանում, որ Մակրոնը մասնակցի բանակցություններին։

Ռուսաստանի ներկայացուցչի հայտարարությունում բովանդակային տարբերություն կար, քանի որ Ռուսաստանը հավասարության նշան դրեց, դիմեց կողմերին եւ մատնանշեց, որ հենց իր երաշխիքի, միջնորդության, մոդերատորության դեպքում կողմերը ստորագրեցին հայտարարություններ, որ իրենք ակտիվ աշխատանք են տանում կողմերի հետ, որի արդյունքում էլ`նրանց ջանքերի շնորհիվ վերականգնվեց Արցախի գազամատակարարումը։ Մոսկվան նաեւ հայտարարեց, որ իրենց ջանքերի շնորհիվ Արցախը մասամբ ապաշրջափակվել է, եւ որ մոտ ժամանակներս միջանցքը ամբողջությամբ կբացվի։ Մոսկվան, այսպիսով, ցանկանում էր ցույց տալ, որ իրավիճակը վերահսկում է բացառապես ինքը։

Եթե ՄԱԿ-ը պարտավորեցնի Ադրբեջանին հարգել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ որպես միասնական փաստաթուղթ, որով կոչ է արվում ապաշրջափակել  հաղորդակցությունները ողջ տարածաշրջանում, դա միջազգային հանրության կողմից ռուսական միջնորդության օրինականացում կնշանակի։ Այդ հայտարարության համաձայն՝ բոլոր հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը, որոնք կապաշրջափակվեն, իրականացնում է Ռուսաստանը։

 Հայաստանն առաջարկեց ԼՂ-ում ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն կազմակերպել, ինչը բարդ է պատկերացնելը՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ինչպե՞ս է հնարավոր ԼՂ-ում կողք կողքի ռուս խաղաղապահների եւ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության ներկայությունը։ Երեւանի դիրքորոշման մեջ եղան հայտարարություններ այն մասին, որ ռուսական խաղաղապահ առաքելությանը չի հաջողվել լուծել անվտանգության ոլորտի բոլոր հարցերը։

Հարցը պետք է դիտարկել կողմերի միջեւ միջնորդական առաքելությունների կոնֆլիկտի հարթության վրա։ Ամեն ինչ պետք է դիտարկել Ռուսաստանի ազդեցության գոտիներում հակակշիռներ ստեղծելու պրիզմայով։ Եվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օպերատիվ գումարումը կապված էր ոչ թե ադրբեջանցի «բնապահպանների», Լաչինի միջանցքի փակման, այլ խաղացողների՝ տարածաշրջան ներթափանցելու եւ նման հակակշիռներ ստեղծելու փորձի հետ »,- նշեց Քանդահարյանը:

  • Կիսվել: