ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչո՞ւ պետք է սահմանները բացվեն միայն ողբերգության ժամանակ. Ռուբինյանը՝ Քըլըչին

Ինչո՞ւ պետք է սահմանները բացվեն միայն ողբերգության ժամանակ. Ռուբինյանը՝ Քըլըչին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը մասնակցող թուրք դիվանագետ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հերթական անգամ աջակցել է Բաքվի դիրքորոշմանը, թե երկկողմ հարաբերությունների կարգավորման համար կարիք չկա ներգրավել միջնորդների՝ նրանց անվանելով գործընթացին միջամտություն դրսից:

Նա կրկին մեղադրել է հայկական սփյուռքին՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու փորձերի համար:

Քըլըչը նաև հիշեցրել է, որ իր և Ռուբեն Ռուբինյանի միջև Մոսվկայում տեղի ունեցած առաջին հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման ճանապարհը սկսել առանց նախապայմանների: Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար:

«Մեր կողմից բոլոր ենթակառուցվածքներն արդեն պատրաստ են այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Սակայն այդ պայմանավորվածությունները դեռևս չեն իրագործվել»,- ասել է նա:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է 2023 թ. փետրվարին տեղի ունեցած պատմական իրադարձությունը, երբ 30 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել էր հայ-թուրքական սահմանը, և Հայաստանից առաքված մարդասիրական օգնությունը ժամանել էր աղետի գոտի:

«Ինչո՞ւ պետք է սահմանները բացվեն միայն ողբերգության ժամանակ: Ինչո՞ւ պետք է դրանք բաց չլինեն նաև երջանկության օրերին: Այդ իսկ պատճառով էլ ես ասում եմ, որ պետք է մարդիկ շփվեն միմյանց հետ, որպեսզի հաշտեցում տեղի ունենա: Այդ մեկուսացումը կարծրատիպերի ձևավորման պատճառ է դառնում»,- նշել է  նա:

Սերդար Քըլըչն ի պատասխան մեղադրել է Հայաստանին, թե երկիրը հարաբերությունների կարգավորման համար որպես նախապայման առաջ է քաշում սահմանների բացումը:

  • Կիսվել: