երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան

Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է. որոշների հետ հանդիպում ենք բաց, որոշների հետ՝ խորհրդապահական. Բագրատ Սրբազան

Իմպիչմենթի գործընթացը կա, ընթանում է, մենք հանդիպում ենք քաղաքական դաշտի տարբեր ուժերի հետ: Այս մասին, այսօր Ժուռնալիստների միությունում հանդիպման ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Այս ընթացքում հանդիպել ենք որոշների հետ բաց, որոշների հետ խորհրդապահական: Մենք հիմա դավադրությունների, ենթադրությունների մեջ չենք, մենք ճանապարհը գծել ենք, գնում ենք առաջ: Ով այդ ճանապարհին կկանգնի, բարի է եկել, ով չի կանգնի՝ դուրսը կմնա»,-ասաց նա:

Հարցին՝ վստա՞հ է, որ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը կմիանա վարչապետի իմպիչմենթի գործընթացին, Սրբազանը պատասխանեց. «Ես հրապարակավ ամեն ինչ հայտարարել եմ, մնացածը պետք է հարցնեք Իշխան Զաքարյանին, պետք է հարցնեք խմբակցությունների անդամներին: Ինձ ինչո՞ւ եք հարցնում: Ես մարգարե չեմ, ոչ էլ կանխագուշակ, որ իմանամ՝ ինչ կլինի: Քայլերը գծված են, օրակարգը սահմանված է»:

Նա հայտարարեց, որ իր կողմից վարչապետի հրաժարականի պահանջը անակնկալ է եղել ընդդիմադիր ուժերի համար:

Հարցին էլ՝ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար չպե՞տք է սպասեին այնքան, մինչև փողոցում այնքան մարդ լիներ, որ ճնշում լիներ, ոչ թե հենց սկզբից, Բագրատ Սրբազանն ասաց․

«Ոչ, մենք հայտարարել ենք մեր օրակարգի մասին, խնդիրը հետևյալն է մեր քայլերը հերթով գնում են առաջ։ Մենք հայտարարել ենք մեր օրակարգի, ծրագրի, գաղափարի մասին, որ սա է լինելու ճանապարհը, ոչ թե ավարտված վերջացրած փաստի մասին ենք ասել։

Նաև սխալ պատկերացում կա, եթե 10, 20, 50 կամ 100 հազար մարդ հավաքվեց ուրեմն վերջ՝ լավ իմաստով, եթե 5 հոգի եղավ, ուրեմն վատ իմաստով վերջ, ոչ այդ տրամաբանությունը պետք է փոխվի»։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ հարցրեց՝ սա մեկ բառով հեղափոխությո՞ւն է, պայքա՞ր, շարժո՞ւմ, նա  պատասխանեց․

«Ոչ, սա անմահության երթ է, չակնկալիքների պայքար՝ հաշտության օրակարգով, ճշմարտության հաղթանակով»։

  • Կիսվել: