չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Իմ քայլը» խմբակցության լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանում. Փաշինյան

«Իմ քայլը» խմբակցության լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանում. Փաշինյան

Ես համաձակություն ունեմ ասելու, որ այս խորհրդարանը   իր որակով գերազանցում է նախորդ մի քանի խորհրդարաններին։ Այս մասին այսօր քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ԱԺ իշխող մեծամասնության պատգամավորների մի մեծ մասը անիմաստ խոսող և ոչինչ չանող դեմքեր են, որոնցից մարդիկ հասցրել են հիասթափվել

«Գուցե նրանց մի մասին տուն ուղարկեք և  նոր անձինք ներգրավեք ձեր թիմում»,-հարց է տվել քաղաքացին:

««Խորհրդարան» բառը ի հայտ է եկել «պառլամենտ» բառից, և պառլամենտն, ըստ էության, նշանակում է «խոսելու տեղ»: Սա շատ կարևոր ինստիտուտ է ժողովրդավարության առումով և պառլամենտը հենց այն տեղն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, մտքերի բախում, բանավեճ տեղի ունենա, եւ այս առումով խոսելը, արտահայտվելը ԱԺ-ում իրականացվող հիմնական գործն է: Մենք էլ որ գնում ենք խորհրդարան, մտքեր ենք  փոխանակում։ Սակայն շատ կարևոր է,  որ խոսքի արժեքը չթերագնահատենք, այլ բան, որ մեզնից յուրաքանչյուրը՝ պատգամավոր, վարչապետ, բոլորս մեր խոսքի կշռի և արժեքի վրա մտածենք»,- ասաց վարապետը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանը, ապա, ըստ վարչապետի, այսօր ԱԺ-ի և «Իմ քայլը» խմբակցության լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Դրա պաշտոնական հիմնավորումը հետևյալն է, որ Ադրբեջանն ունի կարիք ավելի երիտասարդ և ժամանակակից պայմաններին ավելի համապատասխան խորհրդարան ձեւավորելու: Ինչ պայմաններ էին փոխվել աշխարհում Ադրբեջանի տեսակետից: Աշխարհում, ըստ էության, վեջին 1,5 տարվա ընթացքում փոխվել էր միայն այն, որ ՀՀ-ում տեղի էին ունեցել ԱԺ արտահերթ ընտրություններ և ձևավորվել էր նոր, երիտասարդ խորհրդարան, որտեղ շատ երիտասարդ պատգամավորներ էին հայտնվել, որոնք միջազգային հարթակներում շատ լուրջ կարողանում են ներկայացնել Հայաստանն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասաց նա։

Փաշինյանի կարծիքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավականին արդյունավետ և դրա մասին է խոսում վիճակագրությունը:

«ԱԺ մոնիտորինգ ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման  ԱԺ 3-րդ նստաշրջանի գործունեությունը, ըստ որի, ընդունված օրենքների 30 տոկոսը հեղինակել են պատգամավորները, 70 տոկոսը՝ կառավարությունը: Սա վերջին 10 տարվա ամենաբարձր ցուցանիշն է: Այսինքն՝ պատգամավորների գործունեությունը երբեք ավելի արդյունավետ չի եղել:

Ես համարձակություն կունենամ ասելու, որ այս խորհրդարանն իր որակով էականորեն գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին: Իհարկե, խմբակցությունը ձեւավորվել է հայտնի իրադարձությունների համատեքստում, որի ամենակարևոր խնդիրն է կայանալ որպես ամբողջական գաղափարական հենքի վրա աշխատող թիմ, և այս առումով կա լուրջ անելիք: Ես հույս ունեմ, որ դա մենք միասին կանենք լիարժեք: Մինչև այս պահը այդ խնդիրը լուծված է բավական արդյունավետ կերպով: Կարող եմ ասել, որ ամենավերջին քաղաքական քննարկումը, որ եղավ, Սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկումը, ես այդ ժամանակ հպարտություն ապրեցի «Իմ քայլը» խմբակցության համար, որովհետև շատ բարձր մակարդակի քաղաքական քննարկում տեղի ունեցավ: Իհարկե, հետագա քննարկումներում ևս «Իմ քայլը» խմբակցությունը շատ բարձր մակարդակի աշխատանք  ցուցաբերեց: Ես իսկապես հպարտանում եմ դրանով»,-ընդգծեց Փաշինյանը:

 

 

  • Կիսվել: