շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Իմ քայլի» պատգամավորները դատապարտում են քաղաքական գործիչների տան դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը

«Իմ քայլի» պատգամավորները դատապարտում են քաղաքական գործիչների տան դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Սուրեն Գրիգորյանը և Արուսյակ Ջուլհակյանը դատապարտում են քաղաքական գործիչների տների դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը: Այս մասին պատգամավորներն ասացին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում`անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց ծաղկեպսակ դնելու դեպքին:

«Թե՛ նախկինում և թե՛ հիմա ես չեմ ողջունում նման գործելաոճը»,- ասաց Հայկ Կոնջորյանը` նկատի ունենալով նաև 2018 թ. թավշյա հեղափոխության ընթացքում արձանագրված նման դեպքերը:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ քաղաքական գործիչների նկատմամբ կարող է լինել ամենակոշտ քննադատությունը, բայց իրենց քաղաքական գործունեության շրջանակներում:

«Երբևէ իրենց անձի դեմ ուղղված որևէ ճնշում անընդունելի է` անկախ այդ քաղաքական գործիչների քաղաքական ուժի պատկանելիությունից»,- նշեց Գրիգորյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հավելեց, որ նման երևույթներ առաջին անգամ ի հայտ են եկել ոչ թե 2018 թ., այլ 2008 թվականին՝  ներկայիս ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ:

«Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց մի ամբողջ հուղարկավորության տեսարան էր կազմակերպվում օրեր շարունակ: Ես դատապարտել եմ այդ երևույթը 2008-ին, 2018-ին և դատապարտում եմ հիմա»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը:

  • Կիսվել: