կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի․ Մարիա Կարապետյանը՝ իր մայրիկի անունով անհարիր մեկնաբանությունների մասին

Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի․ Մարիա Կարապետյանը՝ իր մայրիկի անունով անհարիր մեկնաբանությունների մասին

Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով համացանցում մի գրառման տակ արված անհարիր մեկնաբանություններին։

«Պարբերաբար ես, թիմակիցներս ենթարկվում ենք գրոհների սոցիալական ցանցերում։ Երբ ես նայում եմ իմ գրառումների տակ մեկնաբանություններին, ակնհայտ է դառնում, որ դա ոչ թե ինքնաբուխ, բնական զայրույթ է, որն արտահայտվել է ոչ ճիշտ բառապաշարով, այլ կազմակերպված ինչ-որ գրոհ է և դրա նպատակը լռեցնելն է հանրային գործիչներին, այս պարագայում՝ ինձ։ Եվ ես ենթադրում եմ, որ նախորդող օրերին, հատկապես ԵԱՀԿ վեհաժողովի շրջանում տեղի ունեցած գրոհի էֆեկտիվությունը ցածր գնահատելով կազմակերպիչները որոշել են, որ իմ անձն էլ ներգրավվեն դրա մեջ», - ասաց նա։

Կարապետյանը նշեց, որ չունի ամբողջական պատասխան, թե ինչ է տեղի ունցել, «բայց վերադարձից հետո իմ ֆեյսբուքյան էջին նկատել եմ նամակ, որով փորձել են կոտրել իմ ֆեյսբուքյան էջը»։

«Ինձ ճանաչող մարդիկ կարող են ենթադրություններ կազմել ինձ դաստիարակած մարդու մասին։ ֆեյսբուքում իմ մոր ակտիվության դրսևորումներն ուսումնասիրելով կարող են եզրակացնել, որ մաքսիմում ինչ կարող է անել՝ իմ գրառումների տակ «Դիսնեյ» մուլտֆիլմի ստիկեռ դնելն է։ Կրկնում եմ՝ մայրս չի արել նման բան, չունի նման բառապաշար», - պարզաբանեց Կարապետյանը։

  • Կիսվել: