շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք ի՞նչ այլ խնդիր ունենք, բացի Արցախի խնդրով զբաղվելուց. Սիմոնյանը հակադարձեց ընդդիմության մեղադրանքներին

Մենք ի՞նչ այլ խնդիր ունենք, բացի Արցախի խնդրով զբաղվելուց. Սիմոնյանը հակադարձեց ընդդիմության մեղադրանքներին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիրների մեղադրանքներին, թե Հայաստանի իշխանությունները Արցախին միայնակ են թողել:

ԱԺ ամբիոնից իր արտահերթ ելույթում Սիմոնյանը նախ անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որը պատգամավորը սկսել էր հետևյալ կերպ. «ՀՀ ազգային ժողովի ամբիոնից դիմում եմ Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր 5 խմբակցությունների պատգամավորներին, սիրելի գործընկերներ, կներեք, կներեք այս ամբիոնից իշխանական տարբեր պատգամավորներին՝ մեր երկու հանրապետությունների, մեր ժողովրդի շահերին 180 աստիճան հակասող հայտարարությունների համար»:

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց. «Չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք Դուք այդ պաթոսային ձևով փորձում սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև: Ինչո՞ւ եք հայաստանյան և արցախյան իշխանությունների միջև սեպ խրում: Դրա իմաստը, նպատակը ո՞րն է»:

Անդրադառնալով Թուրքիայի երկրաշարժից հետո Հայաստանի արձագանքի վերաբերյալ ընդդիմադիրների դիտարկումներին՝ ԱԺ նախագահն ասաց. «10 հազար զոհ՝ քաղաքացիական բնակչության մեջ: Մենք էլ ենք տեսել այդ արհավիրքը: Մենք հայ ենք, քրիստոնյա ենք, մարդը չի կարող մարդկային առումով չարձագանքել այդ ամենին »:

Սիմոնյանը ընդգծեց՝ այս իրավիճակում ամբողջ աշխարհն է ցավակցում: Կիպրոսի ԱԺ նախագահը նույնպես ցավակցել է, օգնություն են ուղարկել, Թուրքիան ընդունել է, թե ոչ, դա արդեն երկրորդական հարց համարեց:

Անդրադառնալով Պրահայի քառակողմ հայտարարությանը՝ ԱԺ նախագահն ասաց, որ քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը. «Այդ, որ գնում ենք ՄԱԿ, ՄԱԿ-ում բոլոր երկրները Արցախի տարածքային ամբողջականությունը ճանաչե՞լ են, թե՞ չեն ճանաչել: Դուք երկար ժամանակ իշխանություն եք եղել, ՀՀ-ն երբևիցե հայտարարե՞լ է, որ տարածքային նկրտումներ ունի Ադրբեջանի նկատմամբ: Որևէ իշխանության կողմից արվե՞լ է այդպիսի արտահայտություն: Չի արվել, չէ՞: Մենք հիմա ուզում ենք ՀՀ անվտանգությունն ապահովենք»:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին՝ Թուրքիան թշնամի՞, թե՞ ոչ՝ Սիմոնյանը հիշեցրեց ԱԺ փոխնախագահի խոսքերը, որ այն գործողություններն ու այն իրավիճակը, որը կա, թշնամական վերաբերմունք է: «Լավ, ընդունում եմ, իհարկե թշնամական է, երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց ի՞նչ անենք. հավաքվենք, գնանք հարձակվե՞նք 90-միլիոնանոց Թուրքիայի վրա»,- ասաց ԱԺ նախագահը:

Նա հետաքրքրվեց ընդդիմության տարբերակով՝ շեշտելով, որ, երբ կա խնդիր, պետք է այդ խնդիրը լուծել: Սիմոնյանը վստահեցրեց, որ ՀՀ իշխանության նպատակն այդ խնդիրը լուծելն է՝ հնարավորությունների շրջանակում, այսօրվա իրավիճակից ելնելով: «Կա գոյություն ունեցող իրավիճակ, որի հետ պետք է մերվել, գնալ առաջ, երկիրը տանել առաջ»,-նշեց նա:

Անդրադառնալով ընդդիմադիրների՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ արած դիտարկումներին՝ ԱԺ նախագահը շեշտեց, որ մեծ երկրները «սիրուն աչքերի», «լավ կենացների» համար չեն մեծ երկրներ, նրանք իրենց շահերն ունեն: «Եթե Իրանը հայտարարում է, որ աշխարհաքաղաքական փոփոխություններն իր համար անընդունելի են, հայտարարում է առաջին հերթին իր համար, նրա համար չէ, որ մեզ շատ է սիրում: Նույնը ՌԴ-ի մասին, ձեզ թվում է ՌԴ-ն իր շահերը պետք է մի կողմ դնի՞, ասի, որ հայերին շատ է սիրո՞ւմ: Բոլոր երկրները, նաև մենք, ունենք մեր շահերը: Դուրս եկեք այդ երազանքներից, թե մեզ չեն սիրում»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե ՀՀ իշխանությունը թողել է Արցախը՝ ԱԺ նախագահն ասաց. «ՀՀ իշխանությունը, բացի Արցախի խնդրից, ուրիշ լուրջ գլոբալ ի՞նչ խնդիր ունի: Մենք տնտեսությա՞ն լուրջ խնդիր ունեք, մենք կոռուպցիայի խնդիր ունե՞նք. չունենք մենք կոռուպցիայի խնդիրը: Այո, Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա: Մենք ի՞նչ խնդիր ունենք՝ բացի Արցախի խնդրով զբաղվելուց: 30 տարի զբաղվեցիք Արցախի խնդրով, ի՞նչ եղավ 30 տարի հետո, պատերազմ եղավ»:

  • Կիսվել: