հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հստակ նշված է ձևաչափի անփոփոխելիության մասին․ Լավրովը՝ ի պատասխան Ալիևի հայտարարությանն առ այն, որ Թուրքիան պետք է ակտիվ դերակատարություն ունենա ԼՂ հարցի կարգավորման գործընթացում

Հստակ նշված է ձևաչափի անփոփոխելիության մասին․ Լավրովը՝ ի պատասխան Ալիևի հայտարարությանն առ այն, որ Թուրքիան պետք է ակտիվ դերակատարություն ունենա ԼՂ հարցի կարգավորման գործընթացում

Փաստաթղթում, որը շաբաթ համաձայնեցվեց Մոսկվայում, հստակ նշված է ԼՂ խնդրի կարգավորման ձևաչափի անփոփոխելիության մասին: Այս մասին ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Սերգեյ Լավրովն, ի պատասխան Ադրբեջանի նախագահ ԻԼհամ Ալիևի հայտարարությանն առ այն, որ Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարություն ունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: 

«ԵԱՀԿ շատ անդամ-երկրներ կան, բայց այդ հարցի կարգավորմամբ զբաղվելու լիազորությունները պատվիրակվել են նրանցից երեքին՝ ՌԴ-ին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին, և վերջին օրերին հնչած բոլոր հայտարարությունները եղել են երեք երկրների անունից»,- ընդգծեց նա: 

Լավրովը հստակեցրեց, որ երբ խոսում են ձևաչափի անփոփոխելիության մասին, իրենք հավատարմություն են հայտնում այն սկզբունքներին, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ: 

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ իր թուրք գործընկերոջ՝ Չավուշօղլուի հետ զրույցում վերջինս հաստատել է, որ աջակցում է այդ ջանքներին: 

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ հայկական կողմն աջակցում է գործող ձևաչափին՝ ընդգծելով, որ դա խաղաղ կարգավորման միակ ֆորմատն է, որը երբևէ հայկական կողմի համար կասկած չի հարուցել:

«Մենք կշարունակենք աշխատել այդ ձևաչափով: Սակայն այն, ինչ կատարվում է Արցախում, լուրջ ազդեցություն ունի մեր աշխատանքի վրա: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ խաղաղ կարգավորումը, բայց Ադրբեջանն ընտրել է ուժի միջոցով հարցի լուծմանը և ժխտում է խաղաղ կարգավորումը»,- ասաց նա: 

Ինչ վերաբերում է Թուրքիայի ներգրավվածությանը ռազմաճակատում ընթացող գործողություններին, ապա Մնացականյանն ասաց, որ Թուրքիայի ակտիվ մասնակցությունը դրսևորվում է ահաբեկիչների ներկայութամբ մեր տարածաշրջանում, որը որևէ չի կարող ողջունվել:  

  • Կիսվել: