երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իշխանությունն ակտիվ է, ընդդիմությունը՝ չկա․ «Հրապարակ»

Իշխանությունն ակտիվ է, ընդդիմությունը՝ չկա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ընդդիմությունը «հույժ գաղտնի» է պահում մարտի 26-ին Սիսիանի ընտրություններում մասնակցել-չմասնակցելու հարցը, հետեւաբար՝ իրենց թեկնածուին, իշխող «Քաղպայմանագիրը» ողջ ռեսուրսով լծվել է սեփական թեկնածուի քարոզարշավին։ Ինչպես հայտնի է, թեկնածուն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է, նրա շտաբի պատասխանատուն` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով նաեւ Հակոբջանյանի զարմիկն է։

Սյունիքի մեր աղբյուրները պատմեցին, որ վերջերս նա սեղանի շուրջ է հավաքել մարզի «հեղինակավոր» կուսակցականներին եւ խնդրել, որ ամբողջ ուժերով աշխատեն իր եղբոր՝ ՔՊ թեկնածուի հաղթանակի համար, որ նախորդ սցենարը չկրկնվի, եւ կարողանան մեծամասնություն կազմել։

Նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն է թեկնածուին գովազդելու առաքելությունն իր վրա վերցրել, հանդիպել են քաղաքացիների հետ, այցելել Սիսիանի թանգարան։ Իսկ ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, ով ամիսներ առաջ աջակցում էր քաղաքապետարանի աշխատակից իր ընկերոջը, մինչ այս պահը չի բացում խաղաքարտերը:

Եթե շաբաթներ առաջ նա անգամ մտադրություն ուներ անձամբ առաջադրվել, նրա շրջապատից երեկ տեղեկացանք, որ այժմ դա բացառվում է, հնարավոր է նախկին թեկնածուին էլ փոխեն, նույնիսկ չեն բացառում, որ առհասարակ բոյկոտի այս ընտրությունները։ Անցած շաբաթ մեզ հետ մասնավոր զրույցում Սարգսյանն ասում էր՝ եթե պետք է կրկնվի նախորդ սցենարը, ընդդիմության դաշտում կոնսոլիդացիա չլինի, ապա մասնակցելն անիմաստ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: