Հպարտ ենք արձանագրել, որ Հայաստանն այսօր որպես պետություն ծաղկում է․ ՔՊ-ն քարոզարշավ է անցկացնում Դավթաշենում
Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մայիսի 17-ին քարոզարշավ են անցկացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավթաշենի թաղամասերից մեկի բնակիչների հետ հանդիպմանն ունեցած ելույթում նշեց, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն, ըստ էության, անցնում է բարձր տրամադրությամբ և բարձր նոտաներով։
«Սա չի նշանակում, թե Հայաստանում բոլոր խնդիրները լուծվել են, սա չի նշանակում, թե մենք մոռացել ենք անցյալում մեր ունեցած որևէ ողբերգություն, թե մենք մոռացել ենք գոյություն ունեցող խնիդրների որևէ մեկը։ Սա նշանակում է, որ մենք արձանագրում ենք, որ, Հայաստանի Հանրապետությունը, հաղթահարելով բազում դժվարություններ, այսօր արդեն մաքառման և գոյատևման օրակարգը հաղթահարել է և անցում է կատարել դեպի զարգացման օրակարգ»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ նախորդող տասնամյակների նկատմամբ Հայաստանում բնակարանաշինության տեմպերը կրկնապատկվել են։ «Ես ձեզ մի օրինակ բերեմ։ Մեր կառավարման 8 տարվա ընթացքում ավելի շատ բնակարանային տարածք է հանձնվել շահագործման, քան դրան նախորդած երկու տասնամյակում։ 2018 թվականից մենք շուրջ 1 միլիարդ դոլարի աջակցություն ենք ցուցաբերել քաղաքացիներին՝ բնակարան ձեռք բերելու համար»,- մանրամասնեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց, որ Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից։ «Եվ մենք այսօր հպարտությամբ ենք արձանագրում, որ այսօր մեր թոշակառուն, թոշակ ստանալով, կարող է մեկ ամիս ապրել նվազագույն պայմաններով։ Բայց սա մեր երազանքը չէ, որ թոշակառուն ապրի նվազագույն պայմաններով։ Բայց պետք է հաշվի առնենք, որ 2018 թվականին, երբ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16 հազար դրամ, այսօր նվազագույն թոշակը Հայաստանում 46 հազար դրամ է՝գումարած անկանխիկ առևտրից հետվճարը, այսինքն՝ 50 հազար դրամ և ավելի։ Այսինքն՝ մենք նվազագույն թոշակն առնվազն եռապատկել ենք, դեռ եռապատիկից մի բան էլ ավելացրել ենք»,- ասաց վարչապետը։
Նա անդրադարձավ նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը, որի շնորհիվ բազմաթիվ թոշակառուներ անվճար բուժօգնություն են ստացել և ստանում՝ ենթարկվելով նաև թանկարժեք վիրահատությունների։
«Մենք այսօր հպարտ ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր որպես պետություն ծաղկում է»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո միայն հեղափոխության բերումով ՀՀ պետական բյուջե մուտք է արվել լրացուցիչ 6․6 միլիարդ դոլար գումար, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել կյանքի կոչել վերը նշված ծրագրերը։
Նրա խոսքով՝ եթե չլիներ 2018 թվականի հեղափոխությունը, այդ գումարները գնալու էին քրեաօլիգարխիայի գրպանը, ինչպես, ըստ նրա, եղել է մինչև հեղափոխությունը։


