ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հիմա ունենք դիտորդներ, և կարիք չի լինի, որ ԵՄ-ն հարցնի, թե որ կողմն էր սադրանքի նախաձեռնողը. Փաշինյան

Հիմա ունենք դիտորդներ, և կարիք չի լինի, որ ԵՄ-ն հարցնի, թե որ կողմն էր սադրանքի նախաձեռնողը. Փաշինյան

Միջազգային հանրությունից իմ ակնկալիքն այն է, որպեսզի այն հստակ ցույց տա, որ որևէ պրովոկացիա` կստանա միջազգային հանրության շատ կոպիտ արձագանքը, և շատ կարևոր է, որպեսզի պահպանվի կայունությունը։ Այս մասին նախօրեին՝ մարտի 2-ին «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շեշտում եմ` կապ չունի Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից, քանի որ հիմա մենք տարածաշրջանում ունենք դիտորդներ, և այժմ կարիք չի լինի, որպեսզի ԵՄ-ն հարցնի, թե որ կողմն էր նախաձեռնողը։ Հիմա դուք ունեք ինֆորմացիայի ձեր սեփական աղբյուրը։

Ընդհանուր առմամբ, կցանկանայի ասել, որ մեր քաղաքան թիմը, խորհրդարանական մեծամասնությունն իր պատասխանատվության տակ է վերցրել խաղաղության օրակարգը, և հիմա մենք խաղաղության օրակարգի համար մանդատ ունենք։ Մենք կենտրոնացած ենք այդ մանդատի իրականացման վրա։ Եվ մենք միջազգային հանրության, մեր տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունենք, և պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը, մինչև որ կհասնենք վերջնական և կայուն խաղաղության։

Եվ վերջերս ես հայտարարեցի մեր խորհրդարանում և կառավարությունում, որ ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը։

  • Կիսվել: