հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ՀՀ վարչապետը շնորհավորել է Իրանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ

ՀՀ վարչապետը շնորհավորել է Իրանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ վսեմություն,

Ձեզ եմ հղում ջերմագին շնորհավորանքիս խոսքերն Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ։

Բազմադարյա արմատներ, հարուստ պատմություն և ավանդույթ ունեցող հայ-իրանական ջերմ և բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկու երկրների համար։

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արդեն ավելի քան երեք տասնամյակ է՝ ականատեսն ենք երկկողմ անշեղ և կայուն համագործակցության։

Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում թրծված հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ապագայում առավել մեծ նվաճումներ կգրանցեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների։

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատություն»:

  • Կիսվել: