շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ՀՀ-ում հարցվածների 57.2%-ը չի կարծում, որ Ադրբեջանի հետ շահավետ պայմանագիր կկնքվի. GALLUP

ՀՀ-ում հարցվածների 57.2%-ը չի կարծում, որ Ադրբեջանի հետ շահավետ պայմանագիր կկնքվի. GALLUP

ՀՀ քաղաքացիների 57.2%–ը չի կարծում, որ իշխանություններն ունակ կլինեն մեզ համար դրական տիրույթում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «GALLUP International Association»–ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով հարցման տվյալները։
Հարցումն անցկացվել է ապրիլի 2-6-ը։ Հեռախոսային հարցմանը 1002 անձ է մասնակցել։
 
«Հարցին, թե ՀՀ ներկա իշխանություններն ունակ կլինե՞ն Հայաստանի և ԼՂ շահերից բխող, ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, հարցվածների 40.3%–ը պատասխանել է` միանշանակ ոչ, իսկ 16.9%–ը` ավելի շուտ ոչ։ Սակայն հարցվածների 10.6%–ն էլ պատասխանել է` միանշանակ այո, իսկ 19.8%–ը` ավելի շուտ այո, ունակ են կնքել մեր շահերից բխող պայմանագիր»,–ասաց Նավասարդյանը։
 
ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվել են նաև` եթե առաջիկա կիրակի ընտրություն լիներ, ապա որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեին։ 20.4%–ն ասել է, որ ՔՊ-ի օգտին կքվեարկի, 8.3%–ը` «Հայաստան» դաշինքի, 3.7%–ը` «Պատիվ ունեմ»–ի, 1.7 տոկոսն էլ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության։
 
Նավասարդյանի խոսքով` հարցվածների 28.7%–ն ասել է, որ ընտրությանը չի մասնակցի, իսկ 10 %–ն էլ նշել է, որ իր քվեն որևէ մեկին չի տա։ Բացի այդ, 12.9%–ն էլ դժվարացել է պատասխանել այս հարցին։ Նավասարդյանը հավելեց` ստացվում է, որ մոտ 40%–ը չի մասնակցելու ընտրություններին կամ ոչ մեկին ձայն չի տալու, ինչը քաղաքական դաշտի ակտիվության և որակի մասին է խոսում։

  • Կիսվել: