շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը Էստոնիայի նախագահի հետ հեռախոսազրույցում կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը գերիների, անհետ կորած անձանց խնդիրների հարցում

Արմեն Սարգսյանը Էստոնիայի նախագահի հետ հեռախոսազրույցում կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը գերիների, անհետ կորած անձանց խնդիրների հարցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ՝ էստոնական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Էստոնիայի նախագահը հետաքրքրվել է նախագահ Արմեն Սարգսյանի առողջական վիճակով և լիարժեք ապաքինում մաղթել:

Նախագահներ Սարգսյանը և Կալյուլայդը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ, ինչպես նաև խոսել են երկու երկրներում համավարակային իրավիճակի, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են պատերազմից հետո ստեղծված իրողություններին, ի հայտ եկած նոր մարտահրավերներին, մարդասիրական և մի շարք այլ խնդիրների: Նախագահ Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև անհետ կորած անձանց հայտնաբերման խնդիրները՝ ընդգծելով, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարևորագույն հարցերի լուծման գործում: Միաժամանակ, նախագահ Արմեն Սարգսյանն իր մտահոգությունն է արտահայտել պատերազմական և հետպատերազմական շրջանում Եվրամիության և Հյուսիս-ատլանտյան դաշինքի դիրքորոշման վերաբերյալ:

  • Կիսվել: