երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ նախագահն ու ֆինանսների նախարարն անդրադարձել են հայաստանյան ֆինանսական շուկայում տիրող ընդհանուր իրավիճակին

ՀՀ նախագահն ու ֆինանսների նախարարն անդրադարձել են հայաստանյան ֆինանսական շուկայում տիրող ընդհանուր իրավիճակին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով նախարարին, շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վահե Հովհաննիսյանը նախագահին է ներկայացրել տարվա մեկնարկին հայաստանյան ֆինանսատնտեսական ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև նախարարության ներսում նախաձեռնվող քայլերին, որոնք ուղղված են լինելու գերատեսչության աշխատանքի արդյունավետությանն ու աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել ընթացիկ տարում հայաստանյան ֆինանսական շուկայում տիրող ընդհանուր իրավիճակին, առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորությունների սահմաններում պատրաստակամորեն կաջակցի ֆինանսների նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին:

 

  • Կիսվել: