ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ն պետք է պահանջի, որ զորքերը ոչ թե Սյունիքի մոտ կանգնեն, այլ Կուբաթլուի ու Զանգելանի, որտեղ կանգնած էին. Մանուկյան

ՀՀ-ն պետք է պահանջի, որ զորքերը ոչ թե Սյունիքի մոտ կանգնեն, այլ Կուբաթլուի ու Զանգելանի, որտեղ կանգնած էին. Մանուկյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպել է գյումրեցիների հետ:

Նա նշեց, որ հանդիպման նպատակը մի հարց է՝ քննարկել, թե երկիրն ինչ վիճակում է ,եւ միասին մտածել, թե ինչպես կարելի է երկիրն այս վիճակից հանել:

Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ Մանուկյանն ասաց. ՛՛ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ իգոր Պոպովն իր վերջին հարցազրույցում ասաց, որ երբ 2018-ին իշխանությունը ՀՀ-ում փոխվեց, սեղանին դրված էր հետեւյալ փաստաթուղթը՝ մենք վերադարձնում ենք 5 տարածքները, Արցախը առայժմ չի ճանաչվում, բայց Արցախը, Լաչինն ու Քելբաջարը մնում են այն վիճակում, ինչը կար, բացվում են բոլոր ճանապարհները, եւ ինչ-որ անորոշ տարիներից հետո քվեարկության միջոցով, հանրաքվեով որոշվում է Արցախի կարգավիճակը՝ կլինի անկա՞խ, թե կորոշի մտնել Ադրբեջանի կազմի մեջ. այդ ամենից հետո նոր քննարկվում է Լաչինի ու Քելբաջարի հարցը՛՛:

Նա հավելեց, որ դեռ պատերազմի ժամանակ մտածել են, որ այդ տարածքները կտանք Արցախի անկախության ճանաչման դիմաց. ՛՛Սա էլ բավականին նորմալ տարբերակ է, մենք մաքսիմումն էինք ուզում: Ալիեւի համար անկախություն ճանաչելը մահացու էր, եթե նա ճանաչեր, նույն օրը իշխանությունը կկորցներ: նորմալ ղեկավարը պետք է դիմեր ժողովրդին ասեր՝ ունենք երկու տարբերակ, կամ ստորագրում ենք այս տարբերակը, կամ պատրաստվում ենք պատերազմի: Դա նորմալ մարդը կասեր:

Ի՞նչ արեց Փաշինյանը. նա բանակցային ամբողջ գործընթացը տապալեց: Մեկ ասաց, որ Արցախը թող որոշի՝ ինչ անի, Արցախն ինձ չի ընտրել: Հետո ասաց՝ ՛՛Արցախը Հայաստան է, եւ վերջ՛՛, եւ Բաքուն միանգամից օգտվեց այդ նախադասությունից՛՛:

Ըստ Մանուկյանի՝ 2,5 տարիների ընթացքում առաջին իսկ օրվանից սկսվեց բանակի վարկաբեկում, այս կամ այն գեներալի դեմ քրեական գործի հարուցում. ՛՛Բանակը վարկաբեկված, վախեցած էր: Հայաստանը ցանկանում էր գնել այն զենքերը, որոնք օգնում են պայքարել դրոնների դեմ պատերազմում: Դրանք ինքը հանեց, դրա փոխարեն գնվեցին ՍՈւ ինքնաթիռներ՝ առանց զինամթերքի: Պատերազմի ժամանակ էլ չօգտագործվեցին՛՛:

Մանուկյանը համոզված է, որ եթե պատերազմը ժամանակին կանգնեցվեր, մի քանի հազար զոհ չէինք ունենա, եւ տարածքների մի զգալի մասը մեր ձեռքում կմնար: ՛՛Ասում էր՝ ես ստորագրեմ, հողերը տամ, ինձ դավաճան ասե՞ն: Այդ նույնհողերը տվեցիր, մի քանի հազար մարդ էլ կոտորեցիր, հիմա դավաճա՞ն չես՛՛,-ասաց նա:

Ընդդիմության վարչապետի միասնական թեկնաշուն անդրադարձավ նաեւ նոր պատերազմի հավանականությանը եւ ասաց. ՛՛Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո կարո՞ղ է գալ նոր կառավարություն եւ վերսկսել պատերազմը: Եթե մեկը նման բան անի, ուրեմն խելագար է. ներկա պայմաններում պատերազմ սկսելը խելագարություն է՛՛: Նա հավելեց, որ առնվազն 2-3 տարի պետք է անցնի, որ բանակը գոնե մի քիչ ոտքի կանգնի:

՛՛Ցանկացած պատերազմ մեզ համար անցանկալի է: Հայաստանն ու Արցախը երբեք պատերազմ չեն սկսել: Պատերազմը մտքներիցդ հանեք: Մենք պետք է վերցնենք ու քննարկենք նոյեմբերի 9-ի պայմանագիրը: Մենք պետք է պահանջենք, կկատարվի, թե ոչ՝ դա ուրիշ հարց է, Հայաստանը պետք է պահանջի, որ առաջին կետը կատարվի, այսինքն՝ Կուբաթլուի եւ Զանգելանի մոտ զորքերը որտեղ կանգնած էին, այդտեղ էլ կանգնեն, ոչ թե Սյունիքի մոտ կանգնեն:

Երկրորդ՝ գերիների վերադարձը պետք է կատարվի: Մեզ հետաքրքրում են այս կետերը, իսկ Ադրբեջանին հետաքրքրում է միայն երկու բան. մեկը Ղարաբաղի հարցն է, երկրորդը՝ ճանապարհ, որ Ադրբեջանը միանա Նախիջեւանի ու Թուրքիայի հետ:

Հայաստանը պետք է ասեր՝ մինչեւ գերիների հարցը չլուծվի, ուրիշ հարց չեմ քննարկում: Դե՞մ են, դուռը շրխկացրու, դուրս արի: Նիկոլը կարո՞ղ է այդպիսի բան անել, չի կարող՛՛,-նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ միակ երկիրը, որից մենք կարող ենք զենքը կամ անվճար վերցնել, կամ էժան գնել, Ռուսաստանն է: ՛՛Տարիների ընթացքում մեր շահերը գնալով համընկնելու են: Թուրքիան անընդհատ լկտիանալու է, Ադրբեջանը լկտիանալու է, այս տարածաշրրջանում մեծ փոփոխություններ են լինելու: Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով՛՛,-վստահ է Մանուկյանը:

  • Կիսվել: