ՀՀ-ն ամեն ինչ անում է՝ Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ծրագիրն օր առաջ իրականություն դարձնելու համար. փոխվարչապետ
Հայաստանն ամեն ինչ անում է, որ ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ էներգետիկ միջանցքի ծրագիրն օր առաջ իրականություն դառնա: Այս մասին Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ըստ նրա՝ ծրագիրը տարածաշրջանային նշանակություն ունի և շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ համակարգի, տարածաշրջանային էներգետիկ տրանզիտի համար:
Գրիգորյանը նշեց. ՛՛Դրան զուգահեռ, տեղի է ունենում ԵԱՏՄ միասնական շուկայի կանոնների իմպլեմենտացիա, ինչը նշանակում է, որ դա մի շատ կարևոր ենթակառուցվածք է, որը Իրանին հնարավորություն է տալիս մեր միջոցով միանալ այդ միասնական շուկային:
Հույս ունենք, որ հարավային մասը մինչև տարեվերջ կավարտենք, ընդ որում՝ դա ամենաբարդ մասն է լինելու, իսկ հյուսիսային մասը դեպի Վրաստան, ծրագրից առնվազն չենք շեղվել այս պահին՛՛: