ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է շինարարների մասնագիտական տոնին և Հայաստանի շինարարների միության 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։

Շնորհավորելով շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել նրանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ շինարարների ստեղծածն ու կառուցածը երկար տարիներ ծառայելու է հանրությանը՝ դառնալով երկրի դիմագծի, զարգացման և առաջընթացի անբաժանելի մասը։ Անդրադառնալով Հայաստանի շինարարների միության 30-ամյակին՝ փոխվարչապետը կարևորել է Միության դերակատարումը ոլորտի զարգացման գործում՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի նպաստել պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։

Իր ելույթում Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ շինարարությունը մշտապես եղել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր հենասյուներից մեկը։ Այս համատեքստում փոխվարչապետը վստահեցրել է, որ շինարարության ոլորտի կայուն զարգացումն ու նոր ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով Կառավարությունը կապիտալ ներդրումների ընդլայնման իր հանձնառությանը զուգահեռ շարունակելու է ոլորտային կարգավորումների լավարկմանն ու  մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցությանապահովմանն ուղղված աշխատանքները։

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը,Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն  Հովհաննիսյանը և Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը:

Ելույթներին հաջորդել է պարգևատրման արարողությունը:

  • Կիսվել: