երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման նպատակն Ադրբեջшնն է, ՌԴ-ի հետ այն կապ չունի․ Եղիշե Կիրակոսյան

ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացման նպատակն Ադրբեջшնն է, ՌԴ-ի հետ այն կապ չունի․ Եղիշե Կիրակոսյան

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 1999 թվականին, և Ռուսաստանի Դաշնությունը ևս եղել է ստորագրող պետությունների թվում՝ որոշ ժամանակ անց չեղարկելով ստորագրությունը։

Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հավելելով, որ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը Հայաստանը սկսել է նախորդ տարի՝ ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ գրանցվեցին պատերազմական հանցագործությունների շատ ծանր դեպքեր։

«Սա հանդիսացավ դրդապատճառներից մեկը, որ վերստին սկսի քննարկվել Հռոմի կանոնադրության վավերացման նպատակահարմարությունը, և փաստացի քննարկումները բերեցին նրան, որ դեկտեմբերի վերջին Կառավարությունը որոշում կայացրեց այդ նախագծին հավանություն տալ, և դրանից հետո այն գնաց Սահմանադրական դատարան։ Բնականաբար մենք ունեցանք իրավիճակ, երբ ՍԴ-ի որոշումը, ժամանակային առումով, համընկավ ՄՔԴ-ի՝ ՌԴ նապագահի վերաբերյալ որոշման հետ», - նշեց Կիրակոսյանը՝ շեշտելով, որ այս ենթատեքստում հարցը քաղաքականացվեց ավելի, քան պետք էր։

Հարցին՝ ինչու հայկական կողմը չի կարողանում կոնսենսուսի գալ ՌԴ-ի հետ այս պարագայում, եթե կան մեխանիզմներ և՛ ստորագրելու, և՛ ՌԴ-ի մտահոգությունները փարատելու, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց, որ իսկապես կան նման մեխանիզմներ, և Հռոմի ստատուտը նախատեսում է նման հնարավորություն, եթե պետությունն ունի ստանձնած այլ միջազգային պարտավորություններ։

«Նմանատիպ առաջարկ մեր կողմից դեռևս ապրիլին արվել է ՌԴ-ին, նաև ներկայացվել է համապատասխան համաձայնագրի նախագիծ, որը կարծում ենք, մտահոգությունները պետք է փարատի և վերաբերմունքը որոշակիորեն մեղմի։ Այս տարամաբանությամբ ցանկանում ենք շեշտել, որ այն նպատակը, որի համար Հռոմի կանոնադրությունը վավերացվում է ՀՀ-ի կողմից, Ադրբեջանն է, Ռուսաստանի հետ այն կապ չունի», - նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

  • Կիսվել: