չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի․ Ալիև

ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում Հարավային Կովկասում նոր քաղաքական իրավիճակ կստեղծվի․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման դեպքում Հարավային Կովկասում կձևավորվի նոր քաղաքական իրավիճակ: Այս մասին այսօր հայտարարել է աշխատանքային այցով Վրաստան ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 «Նման հնարավորությունը բաց թողնելը մեծ սխալ կլինի», - իր խոսքում նշել է Ալիևը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս կկնքեն խաղաղության համաձայնագիր:

«Ես վերահաստատել եմ Վրաստանի աջակցությունն ու հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,– ասել Է Ղարիբաշվիլին:

Նա նշել է, որ խաղաղության համաձայնագիրը թույլ կտա հարատև խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, ինչը կբարելավի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների կենսամակարդակը:
 
Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ այս հարցում Վրաստանը չեզոք դիրքորոշում ունի և հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական ջանքեր ներդնելու պատրաստակամությունը:
«Թբիլիսին միշտ պատրաստ է մասնակցել այդ գործընթացին։ Մեր ապագան պետք է լինի խաղաղ և կայուն։ Անդրկովկասի երեք երկրները պետք է իրենք լուծեն տարածաշրջանի հարցերը և ապագա զարգացումը»,– ասել Է Ղարիբաշվիլին։

  • Կիսվել: