երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագրի խորհրդի նիստին:

Ողջույնի խոսքում խորհրդարանի ղեկավարը կարևորել է ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործման հարցում միջազգային գործընկերների հետ աշխատանքը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է  խորհրդարանական ժողովրդավարության լավագույն փորձը փոխանցելու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունը և այն տեղայնացնելու՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությունը:

«Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի գործունեությունն անցած 3 տարիների ընթացքում եղել է արգասաբեր՝ Ազգային ժողովի 7-րդ և 8-րդ գումարումների խորհրդարանների փոխակերպման, օրենսդրական նախաձեռնությունների որակի, թվային լուծումների, երիտասարդների ներգրավման և այլ հարցերում: Ծրագիրը նաև նպաստել է Ազգային ժողովի միջազգային փոխազդեցությունների, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ փոխանակումները Շվեդիայի և Ավստրայի խորհրդարանների, Միջխորհրդարանական միության (IPU) և այլ միջազգային հարթակների հետ մնայուն արժեք են խորհրդարանականների և աշխատակազմի համար:

«Խորհրդարանական ժողովրդավարության մասին հանրության իրազեկվածության բարձրացման գործում ծրագրի կատարած աշխատանքը նույնպես նոր սկիզբ և նոր մոտեցումներ է բերել՝ ռազմավարական հայեցակարգի մշակման և ԱԺ աշխատակազմի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: