հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը եղել և մնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը»․ նախարար

«ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը եղել և մնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը»․ նախարար

2019թ. հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը: Այսօր Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով, այդ սկզբունքներն առաջին անգամ հստակորեն ամրագրվեցին օգոստոսի 27-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանում և Արցախում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովի ժամանակ, համաժողով, որը նորովի էր թե՛ բովանդակային և թե՛ կազմակերպչական ձևաչափով:

Նախարարը հայտնեց, որ 2019թ. ընդլայնվել և 2020թ. կշարունակի ընդլայնվել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունը:

2019թ. Հայաստանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը, 2020թ. փետրվարին ՀՀ֊ում բացվեց Սլովակիայի դեսպանությունը։ Եվս երեք եվրոպական երկիր՝ Սերբիան, Նիդերլանդները և Շվեդիան որոշում են ընդունել 2020թ. ընթացքում դեսպանություններ բացելու Հայաստանում և արդեն այս ուղղությամբ կատարել են կոնկրետ քայլեր: Նիդերլանդների կողմից արդեն իսկ նշանակվել է առաջին ռեզիդենտ դեսպանը: Բացվել է ՀՀ դեսպանությունը Կատարում, Եթովպիայում, Իսրայելում։ Դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

Հայաստանը ամրապնդել է երկկողմ բարձր մակարդակի երկխոսության վրա հիմնված իր բազմաբնույթ և բազմաշերտ համագործակցությունը ՌԴ-ի հետ, ի թիվս այլոց՝ ռազմաքաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Ըստ Զոհրաբ Մնացականյանի, շարունակական քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող համագործակցության հետագա խորացման ու կատարելագործման ուղղությամբ։

2019թ. ընթացքում  Հայաստանը հաջողությամբ նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: Այդ ընթացքում նաև մեծ ուշադրություն է դարձվել Միության՝ երրորդ երկրների հետ համագործակցության խորացմանը: Հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երևանյան նիստին ԵԱՏՄ անդամ երկրների հետ մեկտեղ մասնակցել են Սինգապուրի, Իրանի և Մոլդովայի ղեկավարները: Նիստում ստորագրվել են Շրջանակային համաձայնագիր տնտեսական համագործակցության մասին և համաձայնագիր՝ Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին: Հոկտեմբերի 27-ին ուժի մեջ է մտել 2018թ. մայիսին ստորագրված ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը։

Նախարարը  նշեց նաև, որ Հայաստանի գործընկերային հարաբերությունները Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների, Եվրոպական մայրցամաքի բոլոր երկրների հետ վերընթաց զարգացում են ապրել թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական ոլորտներում: 2019թ. զգալի աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը. 2019թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված 40 մլն եվրոյի չափով աջակցությանը հավելվել է լրացուցիչ 25 մլն եվրո հովանոցային ֆոնդից: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցությունը 2017թ. և 2018թ. համեմատությամբ զգալիորեն աճել է:

Երկկողմ համագործակցության աշխուժացման ուղղությամբ վարվող արտաքին քաղաքականությանը զուգահեռ՝ Հայաստանը մասնակցել և ակտիվորեն ներգրավված է եղել նաև եռակողմ ձևաչափի ստեղծման գործում: Կիպրոս-Հայաստան-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափը պատմական, քաղաքակրթական արժեքների վրա հիմնված գործընկերություն է, որը բոլոր մասնակիցների ջանքերի շնորհիվ պետք է վերածվի գործնական համագործակցության հարթակի՝ ի շահ մեր ազգերի և ժողովուրդների:

«Համագործակցության այս նոր հարթակի նպատակն է համագործակցության օրակարգ ձևավորել՝ միտված տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և համագործակցությանը: Երևանում պետք է տեղի ունենար Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովը, որը, սակայն, հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Սակայն մեր կանոնավոր շփումները շարունակվում են նաև այս պայմաններում, մասնավորապես վերջերս հեռախոսազրույց եմ ունեցել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։

ԱԳ նախարարը հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը եղել և մնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների ամրապնդումն ու առավել խորացումը: ԱՄՆ-ի հետ անցած տարվա ընթացքում հաստատված ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում:

Միացյալ Նահանգների կառավարությունը ավելացրել է 2019թ. Հայաստանին հատկացվող օժանդակությունը շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի:

«Մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի մեր երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ համագործակցության ամրապնդումը և զարգացումը, այդ թվում տրանսպորտային և էներգետիկ փոխկապակցվածության շրջանակում»,- նշեց նա։

Ըստ նախարարի, անցած տարի բավական ակտիվ է եղել երկկողմ համագործակցության զարգացումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ. «Մենք հետևողական ենք խորացնելու Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունները՝ բազմաոլորտ և փոխշահավետ լայն համագործակցության ծավալման և ընդլայնման միջոցով, և անցած տարի այս ուղղությամբ կարևոր քայլեր են կատարվել, մասնավորապես մեր երկրների միջև հաստատվել է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ»։

Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ հաջողվել է երկկողմ համագործակցության արդյունավետ ծրագրեր նախաձեռնել  և զուգահեռաբար ամրապնդել քաղաքական երկխոսությունը Հնդկաստանի հետ:

Ճապոնիայի հետ բարեկամական և բազմակողմանի փոխգործակցության զարգացման ու խորացման ուղղությամբ նույնպես ունեն շոշափելի արդյունքներ, այդ թվում աղետների վտանգների կառավարման ուղղությամբ:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով, փոխգործակցության շարունակական ընդլայնումը Մերձավոր Արևելքի  երկրների հետ շարունակում է մնալ Հայաստանի առաջնայնություններում:

«Հայաստանի Հանրապետությունն ուշիուշով հետևում է Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներին և քայլեր է ձեռնարկել Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ առանց բացառության՝ հիմնվելով իր արտաքին քաղաքական հռչակված սկզբունքների վրա: Առանձնահատուկ կարևորություն ունի Մերձավոր Արևելքում հայկական համայնքներին աջակցությունը: Անցած տարի մենք շարունակել ենք աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին մարդասիրական առաքելության շրջանակներում»,- ասաց նա։

Արտաքին գործերի նախարարը նաև հայտնեց, որ անցած տարի Հայաստանն ընդլայնել է ՄԱԿ-ում իր օրակարգը: Դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է հուլիսի 20-ը Շախմատի համաշխարհային օր հռչակելու մասին Հայաստանի հեղինակած բանաձևը: Մարտի 22-ին Հայաստանը ստանձնեց ՄԱԿ Կանանց կարգավիճակով հանձնաժողովի (CSW) նախագահությունը երկու տարի ժամկետով` 2020-2021թթ. համար:

Բացի այդ, դեկտեմբերի 11-ին ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ներառելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021թթ. օրացույցում։

Նշվեց նաև, որ գործնական քայլեր են ձեռնարկվել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ: Հունիսին ազդարարվեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ քառամյա 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկը, և երաշխավորվեց ծրագրի իրականացման անհրաժեշտ ֆինանսավորումը: Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագիրն արդյունավետ շրջանակ է հանդիսանում Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն հռչակված ոլորտներում, ներառյալ՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման համար:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով, 2019թ. ընթացքում Հայաստանի իր արտաքին քաղաքական գերակայությունների շարքում է եղել մեր երկրի ՏՏ հնարավորությունների և այդ ուղղությամբ միջազգային համագործակցության հարթակների ձևավորումը։

Նա հիշեցրեց, որ  հոկտեմբերին Երևանում գումարվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, հոկտեմբերի 30-31-ին Մոնակոյում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին Հայաստանի կողմից ներկայացվեց և միաձայն ընդունվեց գիտության, կրթության և թվային տնտեսության զարգացման գործում նորարարության ունեցած դերի վերաբերյալ բանաձև: Բանաձևի ընդունումը կարևոր քայլ է Ֆրանկոֆոն տարածքում առկա թվային ներուժի լիարժեք իրացման և նոր գաղափարներով հանդես գալու ճանապարհին:

  • Կիսվել: